Ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչի ու ուկրաինացի բիզնես լեդի Ելենա Ֆրանչուկի լոնդոնյան առանձնատներն ընդգրկվել են աշխարհի ամենաթանկ տների տասնյակում, հայտնում է RIA Novosti-ն:
Վարկանիշային ցուցակի համաձայն, որը կազմել են comparecamp.com կայքի փորձագետները, աշխարհի ամենաթանկ մասնավոր տունը Բուքինգհեմյան պալատն է՝ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի մայրաքաղաքային նստավայրը:
Այն ունի 775 սենյակ ու ի սկզբանե կառուցվել է որպես տուն Բուքինգհեմների դքսի ընտանիքի համար: Այն գնահատվում է 1,55 մլրդ դոլար:
Աշխարհի ամենաթանկ տներից 4-ը, ներառյալ՝ բրիտանական թագավորական նստավայրը, գտնվում են Լոնդոնում:
Մնացած 6-ն իրենց մեջ կիսել են Ֆրանսիան, ԱՄՆ-ն ու Հնդկաստանը:
Հնդիկ մագնատ Լակշմի Միտալի տունը՝ Kensington Street Gardens-ում, որը հայտնի է որպես «միլիարդատերերի փողոց», գտնվում է 5-րդ տեղում: Տունը, որը պատրաստված է նույն մարմարից, ինչ Թաջ Մահալը, ունի 12 ննջարան, թուրքական բաղնիք, փակ լողավազան, 20 ավտոմեքենայի ավտոտնակ, գնահատվում է 222 մլն դոլար:
Նույն փողոցում գտնվող մեկ այլ տուն, որը հայտնվել է ցանկի 9-րդ հորիզոնականում, պատկանում է Չուկոտկայի նախկին նահանգապետ Ռոման Աբրամովիչին: Ռուս բիզնեսմենը ծրագրում է ավելացնել տան մակերեսը նոր ստորերկրյա շինությունների հաշվին: Նա մտադիր է կառուցել թենիսի կորտ, բժշկական կենտրոն ու ավտոմեքենայի թանգարան:
Աշխարհի ամենաթանկ տների տասնյակը եզրափակում է ուկրաինացի բիզնես-լեդի, Էլթոն Ջոնի մտերմուհի Ելենա Ֆրանչուկի տունը:
Լոնդոնի արևմուտքում գտնվող Upper Phillimore Gardens-ում տեղակայված առանձնատունը գնահատվում է 128 մլն դոլար:
Վիկտորիանական ոճով կառուցված առանձնատանը կա 10 ննջարան, լողավազան, կինոթատրոն ու բունկեր:











































