EuroMillions վիճակախաղով 148 մլն ֆունտ շահած ամուսնական զույգը մուրացկանների անվերջանալի «ռեյդի» պատճառով փակել է իր երաժշտական խանութը` չնայած օգոստոսին միլիոնատեր դառնալուց հետո խոստացել էր խանութը չփակել: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
Երկու երեխաների հայր Ադրիան Բեյֆորդը սիրում է իր խանութը, հանրության հետ շփումը, սակայն կարծում է, որ այցելուները շահագործում են իրեն: Նրա խանութը գտնվում է անգլիական Հեյվերհիլ քաղաքում: Այն փակվել է դեկտեմբերի վերջին: Ողջ գույքն այնտեղից հեռացվել է:
Պատուհաններին հայտնված ցուցանակը վկայում է այն մասին, որ միլիոնատերը հույս ունի երաժշտական գործիքների վերանորոգման և վաճառքի նոր բիզնես սկսել:
Սա երկրորդ խոշորագույն շահումն է Մեծ Բրիտանիայի պատմության մեջ: Ռեկորդակիրներն են Քոլին և Քրիստին Ուեյրները, որոնք 2011-ի հուլիսին 161 միլիոն ֆունտ են շահել:
Գումարի ծախսման մեկնարկի առաջին վկայությունը ժամանակակից Ford ընտանեկան ավտոմեքենայի գնումն էր: Նման հաղթանակը համեստորեն նշելը զարմացրել է հարևաններին ու հարազատներին: Զույգը վիճակախաղով շահումը նշել է Domino’s-ի պիցցաներով:







































