Բելգիայի ԱԳՆ ղեկավար Դիդիե Ռեյնդերսը հետ է կանչել Կոնգոյի Հանրապետությունում իր դեսպանին: Այս մասին նա հայտարարել է հունվարի 6-ին RTL-Tvi հեռուստաալիքի եթերում:
Բելգիական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Յան դե Բրյունը իրեն թույլ է տվել իր կարգավիճակին անհարիր հայտարարություններ կոնգոլեզյան իշխանությունների հասցեին, մասնավորապես կոռուպցիային վերաբերող խնդրի մասին: Անձամբ դե Բրյունը կտրականապես հերքում է, թե դուրս է եկել դիվանագիտական վարվեցողության շրջանակից:
Մամուլը հաղորդում է, որ դեպքը տեղի է ունեցել անցած դեկտեմբերին բելգիացի գործարարների՝ Բրազավիլ կատարած պատվիրակության այցի ընթացքում: Ականատեսները պնդում են, որ Դե Բրյունը իր ելույթի ժամանակ խոսել է նիդերլանդերենով (Բելգիայի երեք պաշտոնական լեզուներից մեկը)՝ հանդես գալով գերազանցապես ֆրանսախոս լսարանի առջև:
Ինչպես հայտարարել է ԱԳՆ ղեկավարը, դիվանագետը շարունակելու է աշխատել նախարարությունում,- հաղորդում է RIA Novosti-ն:










































