64-ամյա տղամարդը իր կնոջը 12 տարի շարունակ վանդակում է պահում՝ համարելով, որ այդ կերպ նրա նկատմամբ հոգատարություն է ցուցաբերում: Կնոջը նա գնել է մարդկանց առևտրով զբաղվողներից:
2000թ.-ին՝ 50 տարեկանում, Գուանդուն չինական գավառից շինարար Լո Ցզինդուն գիտակցել է, որ իր բոլոր քույրերն ու եղբայրները վաղուց ամուսնացել են, և ինքն էլ պետք է ընտանիք ունենա: Աշխատող տղամարդը ժամանակ չի ունեցել գտնել հարմար կին, այդ պատճառով նա ուղղակի որոշել է գնել՝ գրում է Mirror պարբերականը: Լոն խնայած ողջ գումարը փոխանցել է մարդկանց առևտրով զբաղվողներին, փոխարենը երիտասարդ կին է գնել ու միանգամից նրա հետ ամուսնացել:
Ամուսնությունից մեկ տարի անց նրանք որդի են ունեցել: Երջանիկ հայրը նրան անվանել է իր անվամբ՝ չհարցնելով կնոջ կարծիքը, որի անունը այդ տարիների ընթացքում չի էլ իմացել: Տղամարդը ասել է, որ գնած կնոջը սկզբում անվանել է «կին», իսկ հետո «իր որդու մայր»:
«Իրականում քանի դեռ ես աշխատավայրում էի, նրան փակի տակ էր պահում իմ մայրը: Նա ոչ մի տեղ չէր գնում, այդ պատճառով նրան անունը տալն անիմաստ էր»,- ասում է 64-ամյա տղամարդը:
Չինացու խոսքերով՝ երեխայի ծնվելուց մեկ տարի անց կտրուկ վատացել էր կնոջ հոգեկան վիճակը, նա սկսել էր հարձակումներ գործել սկեսրոջ վրա: Քննարկելով նրա վարքը՝ Լոն ու իր մայրը որոշել են խելագար կնոջը վանդակի մեջ պահել:
Տղամարդը պարբերականին պատմել է այդ պատմությունը՝ հույս ունենալով գումար ստանալ «բարի մարդկանցից»: Բանն այն է, որ տղամարդը գումարի կարիք ունի: Տեղի լրատվամիջոցները նույնիսկ տպագրել են 64-ամյա տղամարդու հեռախոսահամարը, որպեսզի ցանկացողները օգնեն նրան, նրա որդուն և «կնոջը»:











































