Քուվեյթում բլոգերը Twitter-ում կառավարող էմիրին քննադատելու համար դատապարտվել է երկու տարվա ազատազրկման: Դատարանը վճռել է, որ մեղադրյալ Ռաշիդ Սալեհ ալ-Անզիի գրածը «կառավարող էմիր Սաբահ Ալ-Ահմեդ Ալ-Սաբահին վիրավորելու ու նրա իրավունքներն ու արտոնությունները խախտելու փորձ է»,- փոխանցում է Reuters-ը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին: Բլոգերի գրածի ճշգրիտ տեքստը չի հրապարակվել:
Անզիի փաստաբանը հայտարարել , որ իր պաշտպանյալը մտադիր է դատարանի վճիռը բողոքարկել ավելի բարձր ատյանում:
Նշենք, որ սա նման առաջին դեպքը չէ. 2012-ի հունիսին սոցցանցերի մի օգտատեր 10 տարվա ազատազրկման էր դատապարտվել Մուհամմեդ մարգարեին և Սաուդյան Արաբիայի ու Բահրեյնի սուննի իշխանություններին վիրավորելու համար: Նույն թվականի օգոստոսին ձերբակալվել էր Քուվեյթի կառավարող ընտանիքի ներկայացուցիչ շեյխ Մեշալ Ալ-Մալիք Ալ-Սաբահը՝ Twitter-ում իշխանություններին քննադատելու և նրանց կոռուպցիայի մեջ մեղադրելու համար, նա նաև քաղաքական բարեփոխումների կոչ էր արել:
Հիշեցնենք, որ անցյալ տարի Քուվեյթում սրվել է խորհրդարանի և կառավրաող Ալ-Սաբահ տոհմի հակամարտությունը: Խորհրդարանականները պահանջում են քաղաքական բարեփոխումներ կատարել և ընդլայնել իրենց իրավասությունները, ինչին դեմ են էմիրն ու նրա կառավարությունը:









































