Չինաստանում՝ Նանկինում գտնվող և Amity Foundation բարեգործական բողոքական կազմակերպության կողմից ղեկավարվող ֆաբրիկայում, Աստվածաշնչի 125 մլն օրինակ է տպագրվել, գրում է The Financial Times-ը: Թերթը նշում է, որ Չինաստանը պաշտոնապես աթեիստական երկիր է:
Նանկինում գտնվող ձեռնարկությունն Աստվածաշնչի օրինակներ թողարկող աշխարհի խոշորագույն ֆաբրիկան է: Այն բացվել է 1987 թ.: Այդ ժամանակից ի վեր ձեռնարկությունը թողարկել է Աստվածաշնչի 65,7 մլն օրինակ չինական տասը բարբառով տեղի հավատացյալների համար և 59,3 մլն գիրք՝ 90 օտար լեզվով, 70 երկիր արտահանելու համար:
Պաշտոնական վիճակագրությամբ՝ Չինաստանում 30 միլիոնից քիչ մարդ քրիստոնեություն է դավանում, սակայն ըստ անկախ գնահատականների՝ այդ երկրում կաթոլիկների և բողոքականների թիվը հասնում է մոտ 100 միլիոնի, ասվում է հոդվածում: Երկրում գերիշխող կրոնը բուդդայականությունն է:








































