Վերաքննիչ դատարանի վճիռը Կալիֆոռնիայի կանանց իրավապաշտպան կազմակերպությունների վրդովմունքն է առաջացրել: Դատարանը արդարացրել է բռնաբարություն գործած տղամարդուն, ով աղջկա ընկերն էր ձևանում: Դատարանը վճռը պատճառաբանել է նրանով, որ տուժածը ամուսնացած չի եղել, տեղեկացնում է Корреспондент.net-ը:
Դատարանում քննվող դեպքը տեղի էր ունեցել 4 տարի առաջ: Այդ ժամանակ 18-ամյա աղջիկը պառկել էր քնելու իր ընկերոջ հետ, ով հետագայում գնացել էր, և նրա տեղը ուրիշ տղամարդ էր հայտնվել: Քնած աղջկա ընկերը ձևանալով՝ նա սկսել է աղջկա հետ սեքսով զբաղվել: Աղջիկը շատ ուշ է հասկացել կատարվածը:
Ինչպես հետագայում պարզվել է, բռնություն կատարած տղամարդը աղջկա եղբոր ծանոթ՝ Խուլիո Մորալեսն է եղել: Դատարանը նրան մեղավոր է ճանաչել բռնաբարության մեջ և երեք տարվա ազատազրկման դատապարտել: Վերաքննիչ դատարանի դատավորների կարծիքները բաժանվել են, սակայն արդյունքում նրանք դեռ XIX դարում ընդունված օրենքի համաձայն՝ արդարացրել են Մորալեսին:
1872թ-ին ընդունված օրենքի համաձայն՝ մարդը, ով ուրիշը ձևանալով, սեքսի համաձայնություն է ստացել, մեղավոր է հանդիսանում միայն այն դեպքում, երբ զոհն ամուսնացած է, իսկ հանցագործը նրա ամուսինն է ձևանում:
Դեպքի կապակցությամբ Կալիֆոռնիայի գլխավոր դատախազը խոստացել է դիմել նահանգի օրենսդիրներին՝ օրենքում փոփոխություններ մտցնելու առաջարկով:









































