ԱՄՆ-ում տեղի է ունեցել դեռահասի դատավարություն, ով սպանել է խորթ եղբորը՝ նրան համարելով գոբլին: 18-ամյա Քոդի Մեթցկեր-Մեդսենը Լոգան քաղաքի դատարանում հայտարարել է, որ պարբերաբար ունենում է Skylanders խաղի մոտիվներով հալյուցինացիաներ: Հանցագործության պահին դեռահասը կարծել է, որ սպանում է ոչ թե եղբորը, այլ «զզվելի կանաչ գոբլինին»՝ գրում է TASS-ը:
Հանցագործությունը կատարվել է 2013-ի օգոստոսին: Ըստ հետաքննության՝ ավագ եղբայրն աղյուսով հարվածել է կրտսերին, ապա խեղդել գետում: Քոդի Մեթցկեր-Մեդսենը և սպանված Դոմինիկ Էլքինսը հարազատ եղբայրներ չէին, նրանց հանձնել էին միևնույն ընտանիք՝ դաստիարակվելու: Էլքինսի ծնողները հրաժարվել էին երեխայից, իսկ Մեթցկեր-Մեդսենի մայրը զրկվել էր ծնողական իրավունքներից: Նա դատարանում ասել է, որ հղիության ընթացքում թմրանյութեր է ընդունել, իսկ մանուկ ժամանակ նրա որդին ունեցել է շատ «երևակայական» ընկերներ:












































