Հյուսիսային Իռլանդիայի մայրաքաղաք Բելֆաստում ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառել մի քանի հարյուր ցուցարարների ցրելու համար: Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, բախումների հետևանքով տուժել են ոստիկանության մի քանի աշխատակիցներ:
Տեղի իշխանությունների տվյալներով` ցուցարարները քարեր, դյուրավառ հեղուկներով լի շշեր են նետել ոստիկանների ուղղությամբ: Տարբեր աղբյուրների համաձայն` ցույցին մասնակցել է 300-400 մարդ: Մի քանի մարդ ձերբակալվել է:
Նախօրեին ցուցարարների հետ բախումների հետևանքով տուժել էր 10 ոստիկան: Հյուսիսային Իռլանդիայի առաջին նախարար Փիթեր Ռոբինսոնը հարձակումն անվանել է «ամոթալի», որը ոչնչով չի արդարացվում:
Բելֆաստում լոյալիստ բողոքականների և տեղի իշխանությունների միջև բախումները շարունակվում են դեկտեմբերի 3-ից, երբ քաղաքային խորհուրդը որոշում կայացրեց քաղաքապետարանի շենքի վրայից հանել Մեծ Բրիտանիայի դրոշը: Սա առաջացրել է բողոքականների դժգոհությունը, որոնք կողմ են Հյուսիսային Իռլանդիայի և Մեծ Բրիտանիայի միասնականությանը:









































