Վրաստանը և Թուրքիան ռազմավարական գործընկերներ են ոչ միայն տարածաշրջանում, այլև միջազգային հարթակում: Trend-ի հաղորդմամբ՝ այս մասին երկուշաբթի օրը Թբիլիսիում Թուրքիայի խորհրդարանի ղեկավար Ջամիլ Չիչեկի հետ հանդիպումից հետո հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիդ Ուսուպաշվիլին:
Նա Թուրքիային շնորհակալություն է հայտնել Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանն աջակցության համար՝ նշելով, որ այդ երկիրն աջակցել և աջակցում է Վրաստանի անդամակցությունը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին:
«… Մենք բարեկամական, գործնական և արդյունավետ հանդիպում ունեցանք, որի ընթացքում ևս մեկ անգամ հաստատեցինք հավատարմությունը մեր ռազմավարական համագործակցության կուրսին: Մենք նշեցինք մեր երկրների միջև նախագահների և վարչապետների մակարդակով արդյունավետ և սերտ համագործակցությունը, պայմանավորվեցինք ավելի ինտենսիվ դարձնել նաև մեր երկրների խորհրդարանների հարաբերությունները»,- ասել է Ուսուպաշվիլին:
Նրա խոսքով՝ Թուրքիայի կառավարությունը մտադիր է իր ներդրումն ունենալ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության պահպանման, մասնավորապես, տարածաշրջանում հակամարտությունների խաղաղ կարգավորման գործում:









































