Կալիֆոռնիայի նահանգի Ռոքլին քաղաքի 15-ամյա դպրոցականն իր 16-ամյա ընկերուհու հետ ծնողներին քնաբեր է տվել, որպեսզի կարողանան գիշերը համացանցում անցկացնել:
Ոստիկանության պարզաբանման մեջ ասվում է, որ ծնողներն ամեն օր երեկոյան ժամը 10-ից անջատել են համացանցի հասանելիությունը: Դրանից խուսափելու համար աղջիկը որոշել է ռեստորաններից մեկից ծնողների համար կաթնային կոկտեյլ պատվիրել:
Ծնողները տարօրինակ համ զգալով՝ մինչև վերջ չեն խմել կոկտեյլները: Չնայած դրան՝ նրանք քնել և վատ զգացողությամբ արթնացել են գիշերվա ժամը 1-ին, որից հետո կրկին քնել են:
Առավոտյան ծնողները դիմել են ոստիկանություն և թմրանյութերի պարունակությունն արյան մեջ որոշելու համար անցել են համապատասխան թեստավորում, որի արդյունքը դրական է եղել: Դրանից հետո անչափահասներին ձերբակալել են՝ միտումնավոր կերպով սննդի մեջ դեղամիջոց լցնելու մեղադրանքով:
Դպրոցականներին տարել են անչափահաս ձերբակալվածների համար նախատեսված կենտրոն: Ոստիկանությունում չեն ասել, թե որքան են նրանց այդտեղ պահել, և թե արդեն ազատ արձակե՞լ են, թե՞ ոչ: Եթե նրանք չափահաս լինեին, ապա նրանց ձերբակալություն կսպառնար:
Դեռևս պարզ չէ, թե համացանցի հասանելիությունն անջատվել է ավտոմա՞տ կերպով, թե՞ ծնողներն են ամեն երեկո այդ ժամին անջատել: Նաև չի նշվում, թե անչափահասները կոնկրետ որ կայքերից են օգտվել: Աղջիկը, ով ծնողներին քնաբեր էր տվել, նշել է, որ նրանք շատ խիստ կարգ են սահմանել համացանցից օգտվելու համար:









































