Ընտանեկան դաստիարակության առանձնահատկությունները մեծ տարիքում քիչ են անդրադառնում երեխայի ինտելեկտի վրա: Հիմնական ազդեցություն է ունենում գենետիկան՝ հայտնում է The Medical News Today-ը: Այսինքն՝ մեծ է հնարավորությունը, որ բարձր ինտելեկտով ծնողների երեխաները ևս ինտելեկտուալ բարձր մակարդակ ունենան:
Այս մասին են վկայում Ֆլորիդա նահանգի համալսարանում պրոֆեսոր Քևին Բիվերի գլխավորությամբ գիտնականների խմբի կատարած հետազոտության արդյունքները:
Պարզելու համար, թե որքանով են գենետիկան և դաստիարակությունն ազդում երեխայի ապագա ինտելեկտի վրա, գիտնականներն ուսումնասիրել են ընտանիքներ, որտեղ նույն տարիքի 2 երեխա կա, որոնցից մեկն ընտանիքում է ծնվել, մյուսը որդեգրված է եղել: Հետազոտության բոլոր մասնակիցները մի քանի անգամ բանավոր ինտելեկտի թեստ են անցել՝ նախ դպրոցում, հետո 18 և 26 տարեկանում: Գիտնականները զուգահեռ ուսումնասիրել են սովորական ընտանիքներում դաստիարակության առանձնահատկությունները՝ ազդելով ծնողների մեթոդների վրա:
Պարզվել է, որ 2 դեպքում էլ երեխայի ինտելեկտի վրա ծնողների ազդեցությունը քիչ նշանակալի է եղել:
«Վիճակագրական մոդելների տվյալների արդյունքները ցույց են տալիս, որ ընտանիքները և դաստիարակության առանձնահատկություններն աննշան ազդեցություն են ունենում ինտելեկտի ցուցանիշների վրա»,- ասվում է հետազոտողների զեկույցում:
Միաժամանակ Բիվերը նշում է, որ դա բոլորովին չի նշանակում, որ ծնողները չպետք է զբաղվեն իրենց երեխաներով: «Սակայն այն, թե դուք ինչպես եք մեծացնում երեխային, զգալի ազդեցություն չի ունենա նրա ինտելեկտի վրա»,- նշում է պրոֆեսորը:








































