«Ամանորն անցկացրինք շատ ջերմ ընտանեկան մթնոլորտում, այն շատ նման էր այն ամանորներին, որ միշտ անցկացրել ենք Հալեպում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց հալեպահայ Սրբուհի Թովմասյանը, ով Սիրիայում ստեղծված իրավիճակի պատճառով ընտանիքի հետ վերադարձել է Հայաստան:
«Կարող եմ ասել, որ այստեղ մենք անցկացնում ենք նույն կերպ, ինչպես Հալեպում, ուղղակի Հայաստանում մի փոքր ավելի երկար է տևում: Իմ կարծիքով` յուրաքանչյուր մարդ պետք է ապրի իր երկրում, և որքան էլ հիշարժան լինեն Սիրիայի տոները, ուրախ եմ, որ այս տարի կարողացանք Ամանորն անցկացնել Հայաստանում»,- ասաց նա:
Սիրիահայ Արմինե Մելքոնյանը նշեց, որ ինքն էլ անչափ երջանիկ է 2013 թվականը հայրենիքում դիմավորելու համար. «Եղբայրս և հայրս դեռ Սիրիայում են, միայն այդ պատճառով եմ տխուր, բայց ընդհանուր առմամբ անչափ ուրախ եմ, որ կարողացանք Ամանորն անցկացնել Հայաստանում. իրոք շատ տպավորիչ էր այսքան տարիների բացակայությունից հետո վերադառնալ Հայաստան:
Մենք Սիրիայում դժվար պայմաններում էինք ապրում, իսկ այստեղ գոնե գիտենք, որ խաղաղ երկնքի տակ ենք: Մենք այնտեղ լավ և ուրախ էինք ապրում, արդեն հարմարվել էինք, Սիրիան մեր երկրորդ տունն է»:
Հալեպից ամիսներ առաջ վերադարձած Վարդան Թաթոյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Հայաստանում միակ կաշկանդող գործոնը գումարի բացակայությունն է, իսկ ընդհանուր առմամբ անչափ ուրախ է տոներն անցկացնել հայրենիքում. «Ինձ համար առանձնապես տարբերություն չկա` և՛ Հայաստանն եմ հայրենիք համարում, և՛ Սիրիան: Լավ կլիներ, որ այստեղ աշխատանք ունենայինք, գումար վաստակեինք և կարողանայինք Ամանորն անցկացնել ինչպես հարկն է»:









































