Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել աշխարհի 18 երկրներում փոխել իր դեսպաններին: Այս մասին հաղորդում է trend.az-ը՝ հղում կատարելով Վրաստանի հանրային հեռարձակողին:
Վրաստանը հետ է կանչում նաև Չեխիայի, Մեծ Բրիտանիայի, Բելգիայի, Լյուքսեմբուրգի, Հունգարիայի դեսպաններին, ինչպես նաև Եվրամիությունում ու Եվրոպայի խորհրդում առաքելությունների ղեկավարներին:
«Ինձ հայտնել են, որ մի շարք դեսպաններ ազատվելու են իրենց պաշտոններից: Ես չեմ գրել ազատման դիմում, սակայն, որքան ինձ հայտնի է, դեսպաններին պաշտոններից ազատելու համապատասխան որոշումը մոտ ժամանակներս կհրապարակվի: Ոչ մի զարմանալի բան չկա, որ նոր կառավարությունը ցանկանում է բարձր դիվանագիտական պաշտոնների նշանակել իր կադրերին, թեև ես ոչ մի դեպքում չեմ կիսում մեղադրանքները` իբր, ես իմ աշխատանքում ղեկավարվում եմ ոչ թե երկրի, այլ նեղկուսակցական շահերով: Դա աբսուրդ է»,- հայտարարել է ԵՄ-ում Վրաստանի դեսպան Սալոմե Սամադաշվիլին:
Այս հայտարարությանն արձագանքել է խորհրդարանի եվրաինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դոլիձեն, ով հերքել է, թե քաղաքական նպատակներով են դեսպաններին փոխում:











































