Ցեղասպանություն իրականացնող կառավարությանը զենքի վաճառքը նման է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Նացիստական Գերմանիային զենք վաճառելուն՝ գրում է իսրայելցի պատմաբան, պրոֆեսոր Յաիր Օրոնը Haaretz-ի իր հոդվածում:
«Հայերի նկատմամբ Ադրբեջանում ատելության ավելացած դրսևորումների, Ադրբեջանի աճող ռազմական ուժի և ներքին լարվածության աճի լույսի ներքո մտավախություն կա, որ եթե կրկին պատերազմ բռնկվի Ադրբեջանի և հայերի միջև Լեռնային Ղարաբաղի անկլավում, ապա վիճարկվող տարածաշրջանում հայ բնակչության նկատմամբ ջարդեր կլինեն»,- գրում է Օրոնը:
Հոդվածագիրը հիշեցնում է, որ անցած ամիս Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնն Ադրբեջան էր ուղևորվել՝ հանդիպելու Ադրբեջանի զինվորական և պետական առաջնորդների հետ, ներառյալ նախագահի:
Օրոնի խոսքով՝ ադրբեջանցիների հետ հակամարտությունը պայքար է հանուն գոյատևման, պայքար՝ հանուն Լեռնային Ղարաբաղում ապրելու իրենց իրավունքի:
«Հաջորդ տարի կնշվի հայ ժողովրդի դեմ Ցեղասպանության 100-ամյակը: Ադրբեջանական հարձակումը, եթե տեղի ունենա, կարող է վշտալի հիշեցում լինել այդ օրերի իրադարձությունների մասին»,- նշում է հոդվածագիրը:
«Բայց հավանաբար շատ ուշ չէ՝ կանխելու համար շիկացումը: Իսրայելն իր միջազգային պարտավորություններից զատ՝ այս հարցում ունի բարոյական պարտականություն: Շատ լուրջ կլինի իրավիճակը, եթե պարզվի, որ Ադրբեջանի անվտանգության ուժերը պատերազմական հանցագործություններ և մարդկության հանդեպ հանցագործություններ են իրականացրել իսրայելական զենքերով»,- գրում է Օրոնը:
Հոդվածագիրը շարունակում է. «Հայաստանի նախագահից մրցանակ ստանալու համար անցած մայիսին Հայաստան կատարած իմ այցի ընթացքում իրազեկվեցի Լեռնային Ղարաբաղում առկա լարվածության մասին, որը հիմնականում բնակեցված է հայերով: Հայերը, ովքեր պայքարում են իրենց տների համար, կարողացել էին հաղթել ադրբեջանական բանակին, որը շատ ավելի ուժեղ էր, քան իրենք, և կարողացել էին վերահսկողություն պահպանել տարածաշրջանի նկատմամբ: 1994 թվականին Ռուսաստանի միջնորդությամբ փխրուն հրադադար է կազմակերպվել»:
«Այնուամենայնիվ, 20 տարի անց հայերին ու ադրբեջանցիներին համաձայնեցված լուծում գտնելու կոչով միջազգային ջանքերը հաջողությամբ չեն պսակվել: Հայաստան կատարած այցիս ժամանակ լսել եմ հայերի գանգատները տարածաշրջանում լարվածության և Ադրբեջանի կողմից իրականացվող պատերազմական հանցագործությունների մասին: Իրազեկվել եմ նաև վերջերս Ադրբեջանի կողմից հրադադարի համաձայնագրի խախտումների և հակամարտությունում Իսրայելի ներգրավվածության մասին: Կարծես թե ադրբեջանցիները փորձում են դրդել հայերին պատասխանելու հրադադարի խախտումներին, որպեսզի ունենան անկլավը գրավելու շինծու պատճառ»,- շարունակում է գիտնականը:
Նա մեջբերում է օգոստոսի սկզբներին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ առաջնագիծ կատարած այցի ժամանակ զինվորներին ուղղված խոսքից մի հատված. «Մենք ունենք զենքեր, որոնք գնել ենք աշխարհում բարձրագույն չափորոշիչներին համապատասխանող օտարերկրյա ռեսուրսներից»:
Ռուսաստանն ու շատ այլ երկրներ, որոնց շարքում են ԱՄՆ-ն և Ֆրանսիան, դատապարտել են լարվածությունը և նշել, որ հակամարտության միակ լուծումը դիվանագիտական ուղին է:
«1992-ին պատերազմի բռնկման ժամանակ ԵԱՀԿ-ն անդամ երկրներին կոչ էր արել արգելել զենքի արտահանումը նրանց, ովքեր ներգրավված են Ղարաբաղյան հակամարտությունում: Ադրբեջան զենքի արտահանումը Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի կողմից արգելված է, ինչպես գիտենք՝ ԱՄՆ-ը թույլ չի տալիս զենքի արտահանում այդ երկիր՝ մտավախությունների պատճառով, որ դա կարող է կիրառվել Հայաստանի դեմ:
Համաձայն օտարերկրյա մամուլի հրապարակումների՝ վերջին տարիներին Իսրայելը Ադրբեջան զենքի առաջատար արտահանողներից է, եթե ոչ՝ առաջինը: Ռուսաստանի հետ Իսրայելը բացահայտ արհամարհում է զենքի էմբարգոն»,- գրում է հոդվածագիրը՝ նշելով, որ 2012-ի փետրվարին Իսրայելը ստորագրել է Ադրբեջան 1.6 մլրդ դոլարի զենքի մատակարարման համաձայնագիր: Օրոնը գրում է, որ առնվազն 2 իսրայելական անօդաչուներ ընկել են Լեռնային Ղարաբաղում, վերջինը՝ անցած օգոստոսին:
Սա առաջին անգամ չէ, երբ Իսրայելը զենք է մատակարարում Ցեղասպանություն իրականացնող երկրի: Իսրայելը զենք է վաճառել սերբերին Բալկանյան պատերազմի ժամանակ՝ 1990-ականների սկզբներից, երբ ՄԱԿ-ն էմբարգո էր սահմանել:
«Իսրայելը պետք է զերծ մնա նման գործողություններից, քանի որ մենք Հոլոքոստը վերապրած ժողովուրդ ենք: Ողբերգական հանցագործությունն ու մարդասիրական աղետը կարող են տեղի ունենալ Հայոց ցեղասպանության 100-րդ տարում, Ցեղասպանություն, որը շարունակում է չճանաչված մնալ երկրների մեծ մասի կողմից»:
«Օգոստոսի կեսերին փաստաբան Էթեյ Մակն ու ես Դուբի Լավիին՝ ՊՆ-ում զենքի արտահանման մոնիտորինգի դեպարտամենտի ղեկավարին, հրատապ հայց ներկայացրինք՝ դադարեցնելու Իսրայելի զենքի վաճառքը Ադրբեջանին: Մենք պահանջել էինք, որ նա իր հեղինակությունն օգտագործի՝ չեղյալ հայտարարելու կամ հետաձգելու ՊՆ-ի տված թույլտվություններն այդ վաճառքներին՝ գոնե մինչ ընթացիկ լարված իրավիճակի ավարտը»,- գրում է նա՝ եզրափակելով հոդվածը պատասխանով, թե արտահանման անվտանգությունը մանրամասնորեն ուսումնասիրվում է, մարդու իրավունքներին և հակամարտության գոտիներին առնչվող հանգամանքները՝ լրջորեն կշռադատվում:

Թարգմանությունը՝ Աննա Անտոնյանի









































