News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանը նախագահին չի զրկելու իր որոշ լիազորություններից՝ թողնելով նրան այն, ինչն անհրաժեշտ է: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին՝ մեկնաբանելով Սաակաշվիլիի այն հայտարարությունը, թե պատրաստ է շրջել առանց թիկնազորի և երթևեկել իր մոր ավտոմեքենայով.
«Խորհրդարանն ուղղումներ է կատարելու արդեն իսկ առաջին ընթերցմամբ ընդունված «Պետական պահպանության մասին» օրենքում, ըստ որի՝ պետական պահպանությունը պետք է անցնի կառավարության ենթակայության ներքո: Մենք ընդունել ենք քաղաքական որոշում և նախագահին ասում ենք՝ քեզ թող ամեն ինչ, քո ենթակայության տակ թող այն, ինչ պետք է պաշտպանության համար:
Մենք համապատասխան փոփոխություններ ենք կատարում օրինագծում: Խորհրդարան են ներկայացվել ևս մի շարք օրինագծեր, որոնց համաձայն նախագահի մի շարք լիազորություններ անցնում են կառավարությանը: Սակայն մենք նախագահին ասում ենք, որ իրեն թողնի այդ լիազորությունները: Մեզ անհրաժեշտ չեն ավելորդ լիազորություններ»:








































