Sense about science (SAS) բրիտանական կազմակերպությունը կազմել է ամենամյա ցուցակ, որում ներառված են 2012-ին գիտության տարբեր ոլորտների վերաբերյալ կասկածելի հայտարարություններ արած հանրահայտ մարդիկ:
Այս տարի ցուցակում է հայտնվել, մասնավորապես, բրիտանացի հեռուստահաղորդավար Սայման Քոուելը, որը Twitter-ում գրել էր, որ իր տան համար «դարմանող» է գտել: Նրա խոսքով՝ այդ մարդը «բուժել» է իր տունը՝ այն լցնելով դրական էներգիայով:
Ցուցակում են հայտնվել միանգամից մի քանի մարզիկներ, որոնք տարեսկզբին հանրության առջև հայտնվել էին գունավոր Kinesio կպչուն ժապավեններով, որոնք իբրև թե օգնում են բուժել վնասվածքները: Այդ մարզիկների շարքում են ֆուտբոլիստ Մարիո Բալոտելին, թենիսիստներ Նովակ Ջոկովիչն ու Սերենա Ուիլյամսը, ինչպես նաև սպրինտեր Դուեյն Չեմբերսը:
Սննդի ամենատարօրինակ հավելում է այս տարի համարվել չորացված պլացենտայից պատրաստված հաբերը, որ խորհուրդ է տվել ամերիկացի դերասանուհի Ջենյուարի Ջոնսը:
Գիտնականներին անհանգստացրել է ամերիկացի կոնգրեսական Փոլ Բրաունի հայտարարությունը: Նա ասել էր, որ Երկիր մոլորակը ընդամենը 9000 տարեկան է: Ցուցակում է հայտնվել նաև Միթ Ռոմնին՝ բացվող պատուհաններով օդանավ ստեղծելու առաջարկով:
Գիտնականները հանրահայտ մարդկանց խորհուրդ են տալիս խորհրդակցել մասնագետների հետ մինչ հանրության առջև գիտության մասին հայտարարությամբ հանդես գալը:








































