Նեպալի արևմուտքում ուղևորատար ավտոբուսն ընկել է գետը, որի հետևանքով զոհվել է 13, ծանր վիրավորվել՝ 19 մարդ: Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը:
Ճանապարհա-տրանսպորտային պատահարը տեղի է ունեցել լեռնային ճանապարհին՝ երկրի մայրաքաղաք Կատմանդուից 400 կմ հեռավորության վրա: Ավտոբուսի վարորդը կորցրել է կառավարումը, որի հետևանքով ավտոբուսը 50 մ բարձրությունից ընկել է Գամ գետը:
Վիրավորներին ուղղաթիռներով տեղափոխել են հիվանդանոց. նրանց մեծ մասը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
Նշենք, որ Նեպալի ճանապարհները համարվում են Ասիայի ամենավտանգավոր ճանապարհներից, ինչը հանգեցնում է բազմաթիվ վթարների:







































