Իրանն արդեն դիվանագիտական հաղթանակ է տարել միջուկային ծրագրի շուրջ միջազգային միջնորդների «վեցյակի» հետ բանակցություններում: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին՝ փոխանցում է IRINN պետական հեռուստաալիքը:
«Այն, որ մեր ներկայացուցիչները հարցեր են լուծում վեց համաշխարհային տերությունների հետ, վիճում նրանց հետ և հերքում նրանց գաղափարները, իրանցի ժողովրդի քաղաքական կամքի ապացույցն է»,- ընդգծել է նախագահը:
Նրա խոսքով՝ հաղթանակը բանակցություններում իրանցի ժողովրդի հաղթանակն է:
Ավելի վաղ Ռուհանին հայտարարել էր, որ Թեհրանն ու «վեցյակը» փոխշահավետ համաձայնության կգան միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ընթացքում:
«Ոչ ոք չի կարող կասկածի տակ առնել ուրանի հարստացման Իրանի իրավունքը: Ողջ աշխարհն է ընդունել այդ փաստը: Սակայն առկա են տարաձայնություններ մանրամասների շուրջ»,- ասել է նախագահը:
Նրա խոսքով՝ ոչ ոք կասկած չունի, որ Իրանն ունի նորագույն միջուկային տեխնոլոգիաների ստացման իրավունք: Պետության ղեկավարը նաև նշել է, որ Ֆրանսիայի նախագահը պատրաստակամություն է հայտնել բանակցությունների ավարտից հետո Իրանին տրամադրել ժամանակակից միջուկային տեխնոլոգիաներ: