Այս օրերին Ազգային ժողովի բակը գեղեցիկ ամանորյա զարդարանք է ստացել: Այն հատկապես տպավորիչ է գիշերային ժամերին, երբ մութն արդեն ընկնում է: Ճաղերի մյուս կողմում գեղեցիկ և տոնական տրամադրություն է տիրում, օտարերկրացին երեկոյան ժամերին Աժ-ի կողքով անցնելիս չի էլ պատկերացնի, թե հեքիաթային այդ տեսարանից մի քանի քայլ այն կողմ ինչ է կատարվում:
Խնդիրը, սակայն, ԱԺ-ի նմանօրինակ հարուստ և գեղեցիկ զարդարանքը չէ, այլ այն, որ առավոտից երեկո բարեկեցության , ապահովության , ժողովրդի ներկայով և ապագայով անհանգիստ մարդիկ մոռացել են, որ ծերանոցներում էլ է Ամանոր, որ այնտեղ էլ մեծահասակները մանուկների նման սպասում են այս տոնին:
«Առաջին լրատվական»-ը զանգահարեց Հայաստանի տարբեր մարզերի, Երևան քաղաքի երկու տուն-ինտերնատներ՝ պարզելու համար, թե ամանորյա որևէ միջոցառում կազմակերպվու՞մ է, թե՞ ոչ: Պարզվեց, որ գրեթե բոլոր ծերանոցներում էլ համեստ հյուրասիրություն կազմակերպվում է այս օրերին, բայց, իհարկե, սեփական միջոցներով:
Երևանի համար 1 տուն-ինտերնատում երևի թե ամսի 29-ին, իրենց միջոցներով տարեցների համար կկազմակերպվի մի փոքր հյուրասիրություն: Աշխատակցուհին մեզ հետ զրույցում նշեց, որ ամեն տարի էլ իրենց մոտ ինչ-որ բան կազմակերպվել է, և այս տարին էլ բացառություն չէ:
Նորքի տուն-ինտերնատից «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեցին, որ իրենց մոտ նույնպես կկազմակերպվի համեստ հյուրասիրություն, բայց էլի սեփական միջոցներով:
Զանգահարեցինք նաև մարզային ծերանոցներ: Պատկերն այստեղ Երևանի ծերանոցներից չէր տարբերվում: Վարդենիսի և Վանաձորի տուն-ինտերնատներում դեկտեմբերի 31-ին կկազմակերպվի համեստ հյուրասիրություն՝ տարեցներին հիշեցնելու, որ Նոր տարի է: Իսկ, Ստեփանակերտի տուն-ինտերնատում, ինչպես ասաց աշխատակցուհին, դժվար թե ինչ-որ բան կազմակերպվի:








































