ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հինգշաբթի օրը ստիպված է եղել Վիեննայից Վաշինգտոն վերադառնալ սովորական կոմերցիոն չվերթով: Պատճառը սովորաբար նրան տեղափոխող Boeing 757 ինքնաթիռի հետ կապված հերթական խափանումն էր՝ հայտնում է Agence France-Presse-ը:
Քերին չորեքշաբթի օրը Վիեննայում Իրանի միջուկային ծրագրի հարցով եռակողմ խորհրդակցություններ է անցկացրել այդ երկրի ԱԳՆ ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆի և ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի հետ:
Գործակալության տեղեկությամբ՝ սա ընթացիկ տարում ԱՄՆ պետքարտուղարի ինքնաթիռի արդեն չորրորդ խափանումն է: Նման դեպք եղել է նաև օգոստոսի 15-ին, երբ Քերին չի կարողացել մեկնել ԱՄՆ ռազմաօդային ուժերի՝ Հավայան կղզեխմբում գտնվող ավիաբազայից՝ էլեկտրոնիկայի հետ կապված խնդրի պատճառով: Ի վերջո Քերին ստիպված օգտվել է United Airlines ավիաընկերության ծառայություններից:
Քերին նախկինում բազմիցս դժգոհել է Boeing 757 ինքնաթիռից, որով ինքը մեկնում է արտասահման:






































