«Լևոն Տեր-Պետրոսյանը պետք է առաջադրվեր, համոզված եմ, որ այդ դեպքում հնարավոր կլիներ իրավիճակ փոխել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ-ի մաս կազմող «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը՝ խոսելով ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի որոշման մասին: Նա նշեց, որ սա արդեն կատարված փաստ է, և Կոնգրեսն, անկախ ամեն ինչից, քաղաքական դաշտում դեռ շատ անելիքներ ունի. «Հիմա այսպիսի որոշում է ընդունել, սա արդեն կատարված փաստ է և այսօր մեր կուսակցության քաղաքական խոհրդում ևս մտահոգություն կար այդ առիթով, բայց աշխահի վերջը չէ: Մեր երկրի վիճակը հաշվի առնելով՝ միշտ էլ հնարավոր կլինի իրավիճակներ փոխել, երբ որ ֆորսմաժորային իրավիճակներ ստեղծվեն»:
Խոսելով «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության՝ ՀԱԿ-ից դուրս գալու հավանականության մասին՝ Պ. Մակեյանն ասաց. «Մեր քաղաքական խորհրդի նիստում այսօր նման օրակարգ չի ձևավորվել, կարծում եմ ինստիտուցիոնալ ընդդիմադիր կառույց անհրաժեշտ է, որպեսզի կարողանա իրավիճակ փոխել, և՛ երկրին, և՛ ժողովրդին տիրություն անի։ Այս պարագայում, կարծում եմ, Կոնգրեսը դեռ անելիքներ ունի»:
Հարցին, թե հնարավո՞ր է սատարեն նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին, ով երեկ հայտարարել էր իր առաջադրման մասին, Պետրոս Մակեյանն ասաց, որ իրենց կուսակցությունը որոշել է տվյալ հարցին անդրադառնալ հունվարի կեսերին:








































