Եվ այսպես, պաշտոնապես հրապարակվել է Հայաստանում սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը: Հետաքրքրական է այն հանգամանքը, որ հայեցակարգը հրապարակվել է Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցելուց հետո, երբ Մինսկում եղավ Հայաստանի պայմանագրի ստորագրումը: Սա երևի թե նշանակում է, որ Սերժ Սարգսյանը ԵՏՄ-ին անդամակցության համատեքստում որոշակի երաշխիքներ է ստացել Մոսկվայում, որից հետո էլ հրապարակ է հանվում սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը, որը ամենայն հավանականությամբ լինելու է առաջիկա քաղաքական զարգացումների առանցքը:
Հայեցակարգին իր վերաբերմունքը բնականաբար պետք է արտահայտի ոչիշխանական ուժերի եռյակը կամ քառյակը, և, ամենայն հավանականությամբ, նրանք կարտահայտեն բացասական դիրքորոշում: Ամենայն հավանականությամբ, հենց սա էլ լինելու է քառյակի հոկտեմբերի 24-ին հայտարարված հանրահավաքի բովանդակային հիմքում, որտեղ ներկայացվելու է, ինչպես հայտարարվել է, գործողությունների ծրագիր:
Ոչիշխանական ուժերն արդեն իսկ տարբեր առիթներով ազդարարել են, որ եթե սահմանադրական փոփոխությունները գործի դրվեն, ապա իրենց թիրախը լինելու է այդ փոփոխությունները տապալելը:
Փաստորեն, Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Սերժ Սարգսյանը գործի է դնում փոփոխությունները, ինչն էլ նշանակում է, որ ոչիշխանական ուժերը պետք է լծվեն այդ փոփոխությունները տապալելու գործին, այլապես դժվար է պատկերացնել, թե էլ որ հարցում նրանք կարող էին գործողությունների այսպես ասած միասնական ծրագիր ներկայացնել հասարակությանը: Սահմանադրության փոփոխությունները այս տեսանկյունից ամենալավ, գրեթե իդեալական տարբերակն է ոչիշխանական ուժերի միասնականության համար:
Սակայն, սրան զուգահեռ, սահմանադրական փոփոխությունների խնդիրը բացում է ներքաղաքական զարգացման մեկ այլ շերտի հնարավորություն: Խոսքը հոկտեմբերի 10-ի հանրահավաքում ազդարարված սպասումն էր, որ ոչիշխանական ուժերն ունեն Սերժ Սարգսյանից՝ առաջարկների տեսքով: Հնչեց, որ Սերժ Սարգսյանը եթե առաջարկ ունի, ունի երկխոսելու խնդիր, ապա իրենք պատրաստ են նախընտրելի առաջարկները քննարկել: Սահմանադրական փոփոխությունները մի գործընթաց են, որի վրա էլ կարող են ընթանալ այդ փորձերը, և բացարձակապես պետք չէ բացառել, որ ինչ-որ պահից քառյակում նոր տարաձայնություններ կարող են ի հայտ գալ փոփոխությունների հետ կապված՝ կախված Սերժ Սարգսյանի առաջարկներից, որ նա կանի քառյակի այս կամ այն ուժին: Վերջիվերջո, նախադեպն արդեն կա՝ Դաշնակցության օրինակը, և որևէ կերպ չպետք է բացառել, որ արդեն անմիջական գործընթացի ժամանակ էլ կլինեն նման դեպքեր: Առավել ևս, որ ԲՀԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանն իր վերջին ելույթներից մեկում հայտարարել է, որ փոփոխություններին ծանոթանալուց հետո կքննարկեն դրանք ժողովրդի հետ և նոր կորոշեն՝ դե՞մ են, թե՞ ոչ: Այսինքն՝ Ծառուկյանն արդեն իսկ մանևրի տեղ է թողել, և այս տեսանկյունից, բնականաբար, հոկտեմբերի 24-ի հանրահավաքում առանցքային է դառնում արդեն նրա, և ոչ Տեր-Պետրոսյանի ելույթը:









































