ԵՏՄ անդամակցության փաստաթղթի ստորագրումը հերթական ավանտյուրան էր: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության անդամ Զարուհի Փոստանջյանը՝ անդրադառնալով ներքաղաքական գործընթացներին:
Նա նշեց, որ Սերժ Սարգսյանը լիազորություն չուներ Մինսկ գնալու և ստորագրելու ԵՏՄ-ին միանալու մասին այդպիսի փաստաթուղթ, իշխանությունը ժողովրդից բռնազավթած իշխանությունը նման քայլի գնալու իրավունք չուներ: Նրա համոզմամբ՝ ԵՏՄ-ին անդամակցության փաստաթղթի ստորագրությունը ինքնիշխանության և անկախության կորուստ է:
«Սա ժամանակավոր երևույթ է, որի մեջ մեզ գցել է Սերժ Սարգսյանը: Ինչպես Մադրիդյան սկզբունքները, հայ-թուրքական արձանագրությունները՝ սա էլ հերթական ավանտյուրայի տիրույթում է»,- ասաց նա:
Անդրադառնալով եռյակի հանրահավաքին՝ նա ողջունելի համարեց, որ գոնե կայացավ հանրահավաքը: «Բայց, այնուամենայնիվ, հարթակը չհրապարակեց միասնական օրակարգ և այն քայլերը, որոնք ենթադրում են այդ օրակարգի իրականացում: Տասը օրով այն հետաձգվել է՝ տեսնենք, թե զարգացումներն ինչպիսին կլինեն՝ հարթակը կհրապարակի՞ օրակարգ, թե՞ ոչ»,- ասաց Փոստանջյանը:
Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի







































