Հոլանդիայում դատախազը հավանության է արժանացրել բայքերների գործողությունները, որոնք միացել են Իրաքում ԴԱԻՇ («Իրաքի և Շամի իսլամական պետություն») ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող քուրդ ապստամբներին: Այս մասին գրում է Korrespondent.net-ը:
Դատախազ Վիմ դե Բրյույնի մամլո քարտուղարի խոսքերով՝ Նիդերլանդների օրենքները նախկինում արգելել են այլ երկրների բանակների կազմում իրենց քաղաքացիների մասնակցությունը ռազմական գործողություններին, սակայն այս դեպքում արգելքն այլևս չի գործում:
No Surrender բայքերների շարժման ղեկավար Կլաաս Օտտոն պետական հեռուստատեսությամբ հայտարարել է, որ իր բայքերներից 3-ն արդեն մեկնել են Իրաքի հյուսիս: Նա նաև համացանցում լուսանկարներ է տեղադրել, որոնցում իր խմբի անդամներից մեկը քուրդ դաշնակցի հետ է՝ զինվորական համազգեստով և Կալաշնիկով ինքնաձիգով:










































