Հայտնի բրիտանացի կոմպոզիտոր Ռիչարդ Ռոդնի Բենետը մահացել է 76 տարեկանում Նյու Յորքում, որտեղ բնակվում էր 1979 թվականից: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Լեգենդար երաժիշտը եղել է ջազային ստեղծագործությունների, կինոնկարների մեղեդիների հեղինակ: Նրա ստեղծած ամենահայտնի սաունդթրեքների շարքում են «Սպանություն արևելյան ճեպընթացում» (Murder on the Orient Express, 1974) և «Չորս հարսանիք և մեկ հուղարկավորություն» (Four Weddings and a Funeral,1993) ֆիլմերի երաժշտությունները:Կինեմատոգրաֆիայի ոլորտում իր աշխատանքի համար նա երեք անգամ առաջադրվել է Օսկարի: Նա նաև մի քանի սիմֆոնիաների, օպերաների հեղինակ է: Բացի այդ, նա հայտնի էր նաև որպես նկարիչ:
Բենետը ծնվել է Անգլիայի արևելյան Քենթ կոմսությունում 1936 թվականին մարտի 29-ին: Լոնդոնի Երաժշտության թագավորական ակադեմիան ավարտելուց հետո նա ուղևորվել է Փարիզ, որտեղ երկու տարի սովորել է անվանի կոմպոզիտոր և խմբավար Պիեռ Բուլեզի մոտ: Բենետը ոչ միայն երաժշտություն է գրել, այլև պարբերաբար բեմ է բարձրացել որպես ջազային դաշնակահար:
1998 թվականին երաժշտության ոլորտում մատուցած ծառայությունների համար նա արժանացել է ասպետի կոչման:










































