Irib News-ի փոխանցմամբ՝ Իրանի ռազմածովային ուժերը համալրող նավերի 70 տոկոսն արտադրվում է հենց իրանական նավաշինարաններում: Այս մասին հայտնել է Իրանի պաշտպանության նախարարության ծովային արդյունաբերության կազմակերպությունը:
Վերջինս Իրանի ռազմածովային ուժերին ապահովում է անհրաժեշտ լողացող միջոցներով և տեխնիկայով: Նշվում է, որ մի շարք տեսակի ռազմանավերի արտադրության հարցում Իրանը գտնվում է աշխարհի առաջատար հնգյակում: Ընդհանուր առմամբ, Իրանը ռազմանավերի արտադրության հարցում մտնում է ասիական հնգյակի մեջ, իսկ աշխարհում՝ լավագույն քսանյակի մեջ:
Քաղաքացիական նավերի արտադրության հարցում Իրանի ցուցանիշներն ավելի համեստ են: Ներկայումս Իրանը հնարավորություն ունի արտադրելու 100,000 տոննա ջրատարողությամբ նավեր, իսկ մոտ ապագայում՝ մինչև 300,000 տոննա ջրատարողությամբ նավեր:










































