Ռուսական Regnum լրատվական գործակալությունը, վկայակոչելով իրանական tabnak.ir կայքին, հայտնում է, որ ԱՄՆ էներգետիկ տեղեկատվության վարչակազմի զեկույցում նշված է, որ այն բանից հետո, ինչ իրանական կողմը Կասպից ծովում հայտնաբերել է նավթի զգալի պաշարներ պարունակող նոր նավթահանքեր, պաշտոնական Բաքուն հավակնություններ է ներկայացրել դրանց մի մասի նկատմամբ՝ պնդելով, որ դրանց մի մասը գտնվում է Կասպից ծովի իր հատվածում:
Ավելի վաղ իրանական կողմը հայտարարել է, որ Կասպից ծովի նոր նավթահանքերից արդյունահանվող նավթը աշխարհի ամենաորակյալ նավթերից է: Բացի այդ, Իրանի Ազգային նավթային ընկերությունը հայտարարել էր, որ Կասպից ծովում հայտնաբերված բոլոր նոր նավթահանքերն ու գազահանքերն ամբողջովին գտնվում են Կասպից ծովի իրանական հատվածում, ինչի համար էլ որևէ խոսք անգամ գնալ չի կարող դրանց նկատմամբ Բաքվի կողմից որևէ հավակնության մասին:
Զեկույցում ամերիկացի մասնագետները մտավախություն են հայտնում, որ Կասպից ծովի իրավական կարգավիճակի վերաբերյալ մերձկասպյան երկրների միջև առկա տարաձայնությունների և Կասպից ծովի հատակի բաժանարար գծերի չճանաչման պայմաններում նավթագազային նոր հանքավայրերի հայտնաբերումը և դրանց պատկանելության մասին վեճերը կարող են էլ ավելի խորացնել Թեհրանի և Բաքվի միջև տարաձայնությունները:
Հիշեցնենք, որ եթե Կասպիցը ստանա ծովի կարգավիճակ, ապա նրա վրա պետք է տարածվեն 1982 թվականի ծովային կոնվենցիայի դրույթները. կասպյան յուրաքանչյուր երկիր սուվերեն իրավունքներ ձեռք կբերի 12 մղոնանոց տարածքային ջրերի (մայրցամաքային շելֆ) և 200 մղոնանոց բացառապես տնտեսական գոտու (ԲՏԳ) վրա:
Քանի որ Կասպիցի առավելագույն լայնությունը չի գերազանցում 200 ծովային մղոնը, ԲՏԳ-ի արտաքին սահմանները պետք է որոշվեն միջին գծի սկզբունքի հիման վրա: Այսինքն՝ Կասպիցի բաժանումն անհրաժեշտ է իրականացնել հյուսիսից հարավ:
Միջին գծի սկզբունքի հաստատման դեպքում Ռուսաստանին բաժին է ընկնում Կասպիցի տարածքի 18.7%-ը, Ղազախստանին` 29.6%-ը, Ադրբեջանին` 19.5%-ը, Թուրքմենստանին` 18.4%-ը, Իրանին` 13.8%-ը:
Ռուսաստանը դեմ է Կասպիցին ծովի կարգավիճակ տալուն, քանի որ այդ դեպքում Վոլգա-Դոն և Վոլգա-Բալթիկ ջրանցքները, որոնք համարվում են ներքին ռուսական ջրավազաններ, պետք է դառնան միջազգային ջրեր, իսկ դա լրջորեն հակասում է Ռուսաստանի շահերին ու անվտանգության խնդիրներին:
Դեռևս 1970 թվականին ԽՍՀՄ նավթարդյունաբերության նախարարությունը ազգային սեկտորների հիման վրա իրականացրել է Կասպիցի բաժանման պրակտիկան: Համաձայն այդ բաժանման՝ Ադրբեջանին բաժին էր հասել Կասպից ծովի տարածքի մոտ 70.000 քառ. կմ, Թուրքմենստանին` 80.000 քառ. կմ, Ռուսաստանին` 60.000 քառ. կմ, Ղազախստանին` 105.000 քառ. կմ և Իրանին` 55.000 քառ. կմ:
Ներկայումս Կասպից ծովի կարգավիճակը կանոնակարգվում է 1921 թվականի փետրվարի 26-ին ՌՍՖՍՀ-ի ու Պարսկաստանի և 1940 թվականի մարտի 25-ին ԽՍՀՄ-ի ու Իրանի միջև կնքված պայմանագրերով։









































