«Խնդիրներ կան, լուրջ խնդիրներ, որոնք շատ մեծ դադարի պատճառ եղան, և չկարողացանք գործն առաջ տանել: Ամբողջ այդ կառույցը մեկ տեխնոլոգիական կենտրոն է, բոլորը իրար հետ կապված են: 65 հազար մետրանոց շենք է, մինչև մենք դա չկառուցենք, այդ համալիրը չենք կարող հանձնել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով «Դետսկի միր»-ի շինարարությանը՝ ասաց ռուսաստանցի խոշոր գործարար Արա Աբրահամյանը:
Նշենք, որ այդ շենքը պատկանում է Աբրահամյանին, շինարարությունը սկսվել է շատ վաղուց, շենքի հիմքը փորվել է, սակայն այդպես էլ շինարարությունն ավարտին չի հասցվում: Արա Աբրահամյանի խոսքով՝ դատական պրոցեսներն են պատճառը, որ գործընթացը կասեցվել է:
«Խնդիրը կայանում է իրավական դաշտում: Կան քաղաքացիներ, ովքեր բողոքում են, դատերի մեջ ենք: Ես դա աճուրդով առել եմ, բայց դա կապված է քաղաքի հետ, ու եթե առկա խնդիրները չլուծվեն, ես չեմ կարող շինարարությունն առաջ տանել»:











































