Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը այսօր մասնակցում է «Գոլդեն Փելես Ծաղկաձոր» հյուրանոցում վաղ առավոտից մեկնարկած՝ «Կատարողական վարույթի խնդիրների ավանդական և նորարարական լուծումները» թեմայով երկրորդ միջազգային գիտագործնական համաժողովին:
Ընդմիջմանը նա մի քանի լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած ոչ իշխանական ուժերի հանրահավաքին և ընդգծեց, որ արտասավոր ոչինչ տեղի չի ունեցել. «Սովորական հանրահավաք էր, արտասովոր ոչինչ»,- ասաց Սահակյանը:
Նա մտահոգված է, որ ժողովուրդը կարող է հուսալքվել այդ ուժերի պատճառով, որովհետև նրանք հստակ ուղղություն ու ծրագիր չունեն:
Ինչ վերաբերում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, թե նա կարող է առաջադրվել նախագահական ընտրություններում, եթե լինի դրա անհրաժեշտությունը, Սահակյանն ասաց, որ հարկ չի համարում նման հարց քննարկել, որովհետև ՀՀ-ն այժմ ունի նախագահ՝ Սերժ Սարգսյանը. «Դուք լսեցի՞ք ԲՀԿ-ի կողմից որևէ ծրագիր. ես նման բան չեմ լսել»,- ասաց Սահակյանը:
Հարցին՝ փաստորեն Մելիք-Ադամյանն ուժի մե՞ջ է, Սահակյանն արձագանքեց. «Գալուստ Սահակյանն է ուժի մեջ»:
Նա նաև անդրադարձավ Հայաստանի անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը, և հարցին՝ ի վերջո Ղարաբաղի և Հայաստանի միջև հնարավո՞ր է մաքսակետ դրվի, պատասխանեց. «Հայաստանն անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը՝ ինչպես անդամակցում է ԱՀԿ-ին, Ղարաբաղը նաև անդամ չէ այդ կազմակերպությանը, բայց հավասարապես օգտվում է: Ես չեմ ուզում քննարկել մաքսակետի հարցը, պարզապես ասեմ՝ Հայաստանն է անդամակցում ԵՏՄ-ին, իսկ Ղարաբաղը Հայաստանի մասն է»:









































