Սիրիայում ՄԱԿ-ի և Արաբական Պետությունների Լիգայի (ԱՊԼ) հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմին երեքշաբթի օրը բանակցություններ է վարել սիրիական ընդդիմության վեց ներկայացուցիչների հետ։ Ընդդիմադիրների պատվիրակությունը գլխավորել է դեմոկրատական բարեփոխումների համար ազգային կոորդինացիոն կոմիտեի ղեկավար Հասան Աբդել Ազիմը, հաղորդում է Associated Press-ը։
ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի ներկայացուցիչը ընդդիմադիրներին ներկայացրել է հակամարտության կարգավորման նոր նախաձեռնություն։ Նախաձեռնությունը հանաձայնեցվել է ԱՄՆ-ի և ՌԴ-ի պաշտոնական անձանց հետ՝ Ժնևում կայացած հանդիպման ժամանակ։ Հաղորդում է Интерфакс-ը։
Համաձայն նոր նախաձեռնության՝ առաջարկվում է կազմավորել Սիրիայի անցումային կառավարություն, որտեղ չպետք է ընդգրկվեն ո՛չ ալավիներ, ո՛չ էլ արմատական սուննիներ։ Ըստ նախաձեռնության՝ նախագահ Ասադը կմնա իր պաշտոնին մինչև 2013-ի երկրորդ կեսը, սակայն չի կարող նախագահի թեկնածու առաջադրվել 2014-ի նախագահական ընտրությունների ժամանակ։
Ազիմն ասել է, որ Բրահիմին կմնա Սիրիայում մինչև կիրակի և հավելել է, որ Բրահիմին մտադիր է այցելել Ժնև՝ շարունակելու բանակցությունը ԱՄՆ-ի և ՌԴ-ի ներկայացուցիչների հետ, որտեղ պետք է ձգտի Մոսկվային և Վաշինգտոնին մոտ դիրքորշումների բերել՝ սիրիական հարցի վերաբերյալ։
Ըստ ընդդիմության ներկայացուցիչների խոսքերի՝ Սիրիայի ճնգնաժամը ահագնանում է, հակամարտող երկու դիրքերի կողմից էլ շատանում են բռնությունները։
ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի ներկայացուցիչը հանդիպել է նաև նախագահ Ասադի հետ՝ քննարկելու սիրիական ճգնաժամի հարցերը։ Վերջինս հանդիպումը գնահատել է իբրև «բարեկամական և կառուցողական»։








































