«Առաջին լրատվական»-ի «Դիսկուրս» հաղորդաշարի այսօրվա եթերում կփորձենք ամփոփել 2012թ. տնտեսական տարին ու հասկանալ, թե ինչ տվեց այն Հայաստանին։ Թեմայի շուրջ կզրուցենք Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի («Հանրապետական» խմբակցություն) և նույն հանձնաժողովի փոխնախագահ Արծվիկ Մինասյանի («ՀՅ Դաշնակցություն» խմբակցություն) հետ։
– Ինչպիսի՞ն էր անցնող տնտեսական տարին Հայաստանի համար, ի՞նչ կորուստ կամ հեռանկար ձևավորվեց այս տարվա ընթացքում։
Գ.Մ. – Հարցին պատասխանելու համար պետք է անդրադառնանք, թե ինչպիսին էր այն մեր հիմնական գործնկերների՝ Եվրամիության, ԱՊՀ երկրների համար։ Եվրամիության երկրներում ճգնաժամը դեռ չի ավարտվել (վերջին կանխատեսումներով՝ նրանք տնտեսական աճ կունենան 2013-ի կեսից հետո), իսկ այս տարվա ընթացքում միայն Գերմանիան ու Ֆրանսիան են ապահովել 0,2 տոկոս տնտեսական աճ։ Տարվա ավարտին մենք, հավանաբար, կունենանք 7% տնտեսական աճ, որը հիմնականում ապահովել են տնտեսության արտահանելի ճյուղերը՝ արդյունաբերությունը և գյուղատնտեսությունը։ Նախորդ տարվա համեմատ՝ չնչին անկում ունենք շինարարության բնագավառում։ Ուզում եմ անդրադառնալ արտահանման և ներմուծման աճի տեմպերի տարբությանը։ Առաջին 11 ամիսների տվյալների ամփոփմամբ՝ արտահանման աճի տեմպը շուրջ 2,5-3 անգամ բարձր է ներմուծման աճի տեմպից։ Սա չափազանց գոհացնող ցուցանիշ է և խոսում է այն մասին, որ մենք կկարողանանք մեր ներմուծման և արտահանման բալանսը բերել քիչ թե շատ նորմալ վիճակի, որովհետև ակնհայտ է, որ մեր արտահանումը զգալիորեն պակաս է ներմուծումից։ Նույն ժամանակահատվածում ունենք 3,4%՝ ամիսը ամսվա նկատմամբ, և 2,5% միջին գնաճ։ Մեր միջին աշխատավարձը նախորդ տարվա նկատմամբ աճել է շուրջ 5 տոկոսով։
Ա.Մ.- Անհերքելի է, որ կա որոշակի տնտեսական աճ, սակայն, ցավոք, դա բավարար չէ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման, տնտեսության մրցունակության բարձրացման տեսանկյունից։ Հայաստանի տնտեսությունն այդպես էլ չի կարողանում գտնել իր այնպիսի օտիմալ կառուցվածքը, որը կարող է ապահովել զարգացման առաջանցիկ տեմպ։ Հայաստանի կառավարությանը և իշխանություններին այդպես էլ չի հաջողվում երկրի առջև ծառացած բուն մարտահրավերներին համահունչ տնտեսական քաղաքականություն վարել։ Պարզից էլ պարզ է, որ այսօր Հայաստանի առաջին սոցիալ-տնտեսական մարտահրավերը աշխատատեղերի բացակայությունն է, երկրորդը՝ ժողովրդագրական վիճակը, որի լուծման մի հսկայական բանալի թաքնված է սոցիալ-տնտեսական քաղաքականության մեջ։ Այս ամենին հանդիպակաց պետք է լիներ կանխատեսելի սոցիալ-տնտեսական քաղաքականություն։
– Ի՞նչ պիտի արվեր, որ չի արվել։
Ա.Մ.- Այն, ինչ հայտարարվում էր, գոնե պետք է գործողության մեջ դրվեր։ Ասենք՝ խոսում ենք արտահանմանն ուղղված տնտեսական քաղաքականության մասին։ Եկեք հասկանանք, սակայն, թե որքան աշխատատեղ է ստեղծում այն։ Պարզվում է, ոչ մի լուրջ թիվ չկա։ Նույնիսկ պետական բյուջեի նախագծով աշխատատեղերի ստեղծման կանխատեսումը տատանվում էր 1000-1200-ի սահմաններում, ընդ որում՝ 300-ը՝ պետական համակարգում, այն դեպքում, երբ վիճակագրությունը փաստում է, որ այսօր գյուղատնտեսության ոլորտում 280 հազար գործազուրկ կա։ Կառավարությունը ասում է, որ 2025թ. կստեղծվի մինչև 250 հազար աշխատատեղ։ Այսինքն՝ 13 տարի հետո, իսկ Հայաստանի քաղաքացին չի կարող նստել ու սպասել։
– Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2012թ. առաջին 11 ամսիներին Հայաստանից մեկնածների ու ժամանածների սալդոն, բնականաբար, բացասական է, և այդ թիվն աճել է մոտ 10000-ով՝ 65000-ից հասնելով գրեթե 75000-ի։ Սա արդյո՞ք չի խոսում այն մասին, որ աճի մասին վկայող վիճակագրական թվերն իրականում ոչ մի շոշափելի արդյունքի դեռ չեն բերել։
Գ.Մ.- Իհարկե, ոչ։ Այդ վիճակագրությունը նաև փաստում է, որ մեզ մոտ գնաճը շատ ավելի ցածր է, քան միջին աշխատավարձի աճը։ Այսինքն՝ մենք պետք է համակերպվենք այն մտքի հետ, որ մեր քաղաքացին այսօր ավելի շատ է ստանում, քան գներն են աճել նախորդ տարվա նկատմամբ։ Անդրադառնալով պրն Մինասյանի բարձրացրած հարցերին՝ ուզում եմ ասել, որ, իհարկե, ոչ բոլոր ծրագրերն են կարողանում 100 տոկոսով իրականացնել և կարճ ժամանակում լուծել մեր առջև ծառացած պրոբլեմները։
Ա.Մ.- Մեր իշխանությունները շատ հաճախ ցանկությունները փորձում են ներկայացնել իրականության տեղ։ Պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ աղքատությունն ավելանում է։
– Գուցե, կառավարությունն անում է այն, ինչ հնարավոր է։
Ա.Մ.- Ես համակարծիք չեմ։ Մեր շեշտադրումն էլ հենց այն է, որ չի արվում այն, ինչ հնարավոր է։ Եթե կառավարությունը չի ընկալում, որ թիվ 1 մարտահրավերը աշխատատեղերի ստեղծումն է, այլ գնում է ընդամենը նոր արդյունաբերական քաղաքականության մեջ բացառապես աշխատանքի արտադրողականությունը աճեցնելով, սա չի կարող բերել տնտեսության մեջ լայնամասշտաբ քաղաքականության փոփոխության։ Իսկ Հայաստանի քաղաքացու համբերությունն անսպառ չէ, և վաղվա օրվա նկատմամբ հավատի բացակայությունը կարող է բերել պետականության կորստի։ Այսօր իշխանության մեջ կա մի զգալի հատված, որը, խոչընդոտելով բարեփոխումներին, թելադրում է բարեփոխումների նոր սցենարներ, որոնք, վերջին հաշվով, կապ չեն ունենա երկրի զարգացման հետ։
Գ.Մ.- Երեկ Ազգային ժողովն ընդունեց հարկային նոր փաթեթ, որով ներմուծվեց նոր հարկատեսակ՝ շրջանառության հարկը։ Մի քանի տարի առաջ մենք ունեինք պարզվեցված հարկը։ Նոր հարկատեսակը հին պարզեցված հարկի կատարելագործված տեսակն է և ունի բազում մեղմացումներ։
– Բայց նաև բազում են դժգոհություններն այդ փաթեթից։
Գ.Մ.- Իհարկե եղել են քննադատություններ, առաջարկություններ, և ողջ ընթացքում այդ փաթեթն էապես բարեփոխվել է։ Այս հարկատեսակի ներմուծումով՝ մեր բազմահազար տնտեսվարող սուբյեկտներ փոքր և միջին բիզնեսում կունենան աշխատատեղերի ստեղծման հնարավորություն։
Ա.Մ.- «Շրջանառության հարկի մասին» օրենքի վերաբերյալ ես ունեմ տարբերվող տեսակետ, որը նաև հրապարակել եմ։ Գուցե արտադրության առանձին ոլորտների համար որոշակի դրական բան կարող է լինել, իսկ ի՞նչն է դրվել այդ դրույքաչափերի հիմքում, ի՞նչ տվյալների հիման վրա են կատարվել այդ վերլուծությունները։ Պատգամավորներիս ուղարկվել է Հարկ վճարողների ասոցիացիայի տեղեկատվությունը, որտեղ ասվում է, որ առևտրի ոլորտում 3,5% դրույքաչափը բերելու է փոքր խանութների փակմանը և առևտրի տեղափոխմանը խոշոր սուպերմարկետներ, այսինքն՝ մոնոպոլիզացիայի զարգացում։
– Գրեթե հինգ տարի հռչակվել է պայքար օլիգոպոլիաների և մոնոպոլիաների դեմ. կա՞ն շոշոփելի արդյունքներ այդ ուղղությամբ։
Գ.Մ.- Գերիշխող դիրքի այդ երևույթը մեր օրենսդրությամբ արգելված չէ. այդ կարգավիճակի չարաշահումն է արգելված։ Պայքար իհարկե կա, որը բավարար չէ, բայց արդյունավետ է։
Ա.Մ.- Մեզ մոտ շուկան չի ձևավորվել բնական ճանապարհով, այլ հաճախ չարաշահելով նաև վարչական ռեսուրսը, հովանավորչությունը, և ձևավորվել են արհեստական մենաշնորհներ։ Շարժվում ենք միայն սուբյեկտի բնականոն շահութաբերության սկզբունքով, և հաշվի չի առնվում քաղաքացիների սպառողունակությունը։ Այս բոլոր հարցերը կարող ենք լուծել բոլոր քաղաքական ուժերի համախմբմամբ։








































