Տարածված կարծիք է, որ ցեխը ինչ-որ բացասական բան է, որից հարկավոր է հնարավորինս արագ ազատվել: Իսկ ահա ճապոնացի նկարիչ Յուսուկե Ասաիի համար այն գեղարվեստական նյութ է, որի օգնությամբ նա գլուխգործոցներ է ստեղծում: «Ցեխանկարչության» մեջ նրան հավասար վարպետ չկա:

Kulturologia.ru կայքի տվյալներով՝ նկարիչը ամեն տարի մասնակցում է Wall Art festival արտ-փառատոնին, որն անցկացվում է հնդկական Բիխար նահանգում՝ դպրոցների պատերին զարմանալի պատկերներ նկարելով: Իսկ վերջերս նկարիչը իր նոր գլուխգործոցը ներկայացրել է Հյուսթոնի Rice ցուցասրահում: Յուսուկե Ասաին ծնունդով Տոկիոյից է, և այս ցուցահանդեսը նրա համար Ամերիկայում առաջինն էր:

Սենյակի որմնանկարը ստանալու համար նկարչից պահանջվել է երկու շաբաթ: Նա հողի 27 տարբեր երանգներ է ընտրել, որոնք նա գտել է Տեխաս նահանգում:

Պատահական չէ, որ նկարիչը նկարում է հողի և ավազի խառնուրդով: Նա բացատրում է, որ հողը կյանք է տալիս բազմաթիվ բույսերի և միկրոօրգանիզմների, այն լի է կյանքով: Ցուցահանդեսը կրում է yamatane անվանումը, որը թարգմանաբար նշանակում է «լեռնային սերմ»:

Այս սենյակը կարելի է տեսնել մինչև 2014թ. նոյեմբերի 23-ը, հենց այդ օրն էլ այն կմաքրեն պատից, որի իմաստը արվեստի, կյանքի վաղանցիկության գաղափարն է:
Ասաին միշտ էլ ափսոսում է իր աշխատանքների ճակատագրի համար, քանի որ յուրաքանչյուր նկարիչ էլ հոգու խորքում ցանկանում է մնայուն արվեստի օրինակ թողնել սերունդներին: Սակայն նա համոզված է. «Աշխարհում ամեն ինչ ժամանակավոր է, և իմ նկարները դրա ապացույցն են»:












































