Իտալիայի վարչապետի պաշտոնը լքած Մարիո Մոնտին համացանցում հրապարակել է երկիրը տնտեսական ճգնաժամից դուրս բերելուն ուղղված բարեփոխումների իր ծրագիրը: Այս մասին հայտնում է Der Spiegel-ը
Բարեփոխումներով նախատեսվում են Իտալիան դարձնել գրավիչ հնարավորինս շատ օտարերկրացի ներդրողների համար: Նաև` մեծացնել գիտահետազոտական և զարգացման ծրագրերի, կոռուպցիայի և հարկերի վճարումից խուսափողների դեմ պայքարի, երիտասարդների շարքում գործազրկության կրճատման ֆինանսավորումները: Նախատեսվում է նաև պետության ավելի ճկուն կառավարում և շուկայում իտալական մշակութային արժեքների ավելի լավ ներկայացվածություն:
Մոնտիի 25 էջանոց ծրագրով, որին կարելի է ծանոթանալ այստեղ, առաջարկվում է անցկացնել բյուջեի առողջացման խառը միջոցառումներ և կառուցվածքային բարեփոխումներ: Ենթադրվում է, որ 2015 թվականից պետպարտքն ամեն տարի կնվազեցվի 5 տոկոսով և ապագայում կհասնի ԵՄ օրենսդրությամբ պահանջվող` ՀՆԱ-ի 60 տոկոսի՝ ներկա 126 տոկոսի փոխարեն:
Նա առաջարկում է նաև միջին դասի և երկրի բնակչության աղքատ շերտերի առավելագույն պաշտպանություն:
Մոնտին օրերս հայտարարել էր, որ չի առաջադրվի փետրվարի 24-25-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, քանի որ արդեն իսկ ցմահ սենատոր է, սակայն միևնույն ժամանակ չի բացառել վարչապետի թեկնածու դառնալու հնարավորությունը:









































