Ճապոնիայի ԱԳՆ նոր ղեկավար կդառնա արտասահմանում քիչ հայտնի, խորհրդարանի 55-ամյա պատգամավոր Ֆումիո Կիսիդան, որը համարվում է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասնագետ և երկրում ամերիկյան բազաների խնդրի գիտակ: Տոկիոյի ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ այս որոշումն է ընդունել վերջերս անցկացված համընդհանուր ընտրություններում հաղթած Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Սինձո Աբեն: Սպասվում է, որ չորեքշաբթի օրը Աբեն խորհրդարանում երկրի նոր վարչապետ կընտրվի,- հայտնում է ITAR-TASS-ը:
Ֆումիո Կիսիդան 7 անգամ ընտրվել է խորհրդարանի ստորին պալատի անդամ: Նրա նշանակումը փաստում է, որ Ճապոնիայի նոր վարչապետը մտադիր է ամենամեծ ուշադրությունը հատկացնել ԱՄՆ-ի հետ հարաբերություններին, որոնք վերջին ժամանակներս սառել են, ինչը, առաջին հերթին, կապված է այն բանի հետ, որ Տոկիոն չի կարողանում լուծել Օկինավայում ամերիկյան Ֆութեմմա ծովային հետևակի բազայի վերատեղակայման հարցը:










































