Ըստ թուրքական Zaman թերթի՝ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն «Դերսիմցի հայ Եմուշ խանումի որդի ինժեներ Քեմալը» գրքի հեղինակ Սուլեյման Եշիլյուրթի դեմ դատական հայց է ներկայացրել Անկարայի հանրապետական դատախազություն:
Քըլըչդարօղլուն գրքի հեղինակ Յեշիլյուրթից պահանջում է 100.000 թուրքական լիրա (շուրջ 65.000 ամերիկյան դոլար) փոխհատուցում վճարել իրեն, ինչպես նաև թուրքական շուկայից հանել փետրվարից այնտեղ հայտնված վերոնշյալ գիրքը, որն ավելի ուշ բաժանվել էր թուրքական խորհրդարանում:
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ Թուրքիայում բավականին շատ է շահարկվում հայկական գործոնը, ինչի վառ վկայություններից մեկն էլ վերոնշյալ գրքի հրատարակումն է, որը պետք է զգալիորեն հեղինակազրկեր թուրքական ընդդիմության առաջնորդին:






































