Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում՝ խորհրդարանի շենքի մոտ, երկուշաբթի ոստիկանների և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով վիրավորվել է 11 ոստիկան: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Մակեդոնիայի ՆԳՆ հայտարարությունը:
Իրավապահ մարմինների աշխատակիցները փորձել են կանխել մի խումբ մարդկանց մուտքը դեպի խորհրդարանի շենք, որոնց մի մասը կողմ է 2013թ. բյուջեին, իսկ մյուսը մասը հանդես է գալիս դրա դեմ: Երկրի ՆԳՆ տվյալների համաձայն՝ վիրավորվել են նաև քաղաքացիներ, ձերբակալվել են անկարգությունների մի քանի մասնակիցներ: Նրանց թիվը չի հստակեցվում:
Բացի այդ, խորհրդարանում բախում է տեղի ունեցել իշխող կոալիցիայի պատգամավորների և ընդդիմադիր Սոցիալ-դեմոկրատական միության ներկայացուցիչների միջև, որոնք արգելափակել են նիստի դահլիճը: Ընդիմադիր կուսակցության տեղեկության համաձայն՝ այս բախումների հետևանքով տուժել է երկու կին՝ նախկին վարչապետ, այժմ ընդդիմադիր գործիչ Ռադմիլա Շեկերինսկայան և պատգամավոր Վեսնա Բենդևսկայան:
Ավելի վաղ ընդդիմադիրներն առաջակել էին 1200 ուղղում մտցնել բյուջեի նախագծում՝ 204 միլիոն եվրոյով ծախսերը կրճատելու վերաբերյալ, սակայն նրանց առաջարկը մերժվել էր: Բյուջեն հաստատվել է այն բանից հետո, երբ ընդդիմադիրները և իրադարձությունը լուսաբանող լրագրողները դուրս են հրավիրվել դահլիճից: Արդյունքում Մակեդոնիայի 2013թ. բյուջեն կազմելու է 2.7 միլիարդ եվրո, ակնկալվում է դեֆիցիտ ՀՆԱ 3.5% մակարդակի վրա:
Երկուշաբթի երեկոյան ընդդիմության առաջնորդ Բրանկո Ցրվենկովսկին հայտարարել է, որ այլևս չի մասնակցելու խորհրդարանի աշխատանքին, և իր կողմնակիցներին համաժողովրդական ապստամբության կոչ է արել:









































