ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից համացանցային հաղորդակցություններին լրտեսելը սպառնում է հենց համացանցի գործունեությանը: Agence France-Presse-ի հաղորդմամբ՝ այսպիսի կարծիք է հայտնել Google կորպորացիայի տնօրենների խորհրդի նախագահ Էրիկ Շմիդտը:
«(Գաղտնալսման) ազդեցությունը շատ լուրջ է, և իրավիճակը գնալով վատթարանում է… Վերջիվերջո, մենք կարող ենք ավարտել համացանցը «կոտրելով»»,- Սան Ֆրանցիսկոյում կոնֆերանսի ժամանակ ասել է Շմիդտը:
Քննարկումը, որին մասնակցել են Facebook, Microsoft, Dropbox ընկերությունների ներկայացուցիչները, նվիրված է այն հարցին, թե համացանցում հատուկ ծառայությունների գաղտնալսումն ինչ ազդեցություն է ունեցել տնտեսության զարգացման և օգտատերերի շրջանում ամերիկյան ընկերությունների իմիջի վրա:
Գործակալությունը նշում է, որ փորձագետների կարծիքով՝ համացանցի միջոցով տվյալների ազատ փոխանակման կառավարական պատնեշները կարող են վերջիվերջո կոտրել համացանցի «էկոհամակարգը», որը նպաստում է տնտեսությունների զարգացմանն ու մարդկանց հնարավորություն է ընձեռում տվյալներ փոխանակել ամբողջ աշխարհում:






































