ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նավաշինարարության և սպառազինման հրամանատարությունը (NAVSEA) պայմանագիր է կնքել General Dynamics ընկերության Electric Boat ստորաբաժանման հետ SSBN(X) նոր սերնդի ատոմային սուզանավի նախագծման և ստեղծման վերաբերյալ, որը փոխարինելու է «Օհայո» տեսակի սուզանավերին: Ինչպես հաղորդում է Defense News-ը, գործարքի արժեքը կազմել է շուրջ երկու միլիարդ դոլար:
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի գնահատմամբ՝ Electric Boat-ը, որը տեղակայված է Կոնեկտիկուտ նահանգի Գրոտոն քաղաքում, երկրի միակ ընկերությունն է, որն ի վիճակի է մշակել «Օհայո»-ին փոխարինող սուզանավեր: Պայմանագիրը կնքվել է ծախսերի փոխհատուցման և ֆիքսված հավելավճարների պայմանով, ինչը զինվորականներին թույլ է տալիս վերահսկել և ազդել գնագոյացման վրա SSBN(X)-ը նախագծելու գործընթացում:
Ակնկալվում է, որ նոր սուզանավի նախագծման աշխատանքները կսկսվեն 2017թ.: Նախնական գնահատականների համաձայն՝ SSBN(X)-ն առաջին պարեկությունը կկարողանա իրականացնել 2031թ.: Սուզանավի ստեղծումն իրականացվում է ORP (Ohio-Class Replacement Program) ծրագրի շրջանակներում, որը նախատեսում է 12 նոր ռազմավարական սուզանավերի կառուցում: Դրանք փոխարինելու են գործող «Օհայո» տեսակի 14 սուզանավերին:
Ենթադրվում է, որ SSBN(X) նախագծի սուզանավերը սպառազինման կկանգնեն 2083թ.:
SSBN(X) նախագծի մանրամասները գաղտնի են պահվում: Ենթադրաբար, առաջին փուլում սուզանավերը կհարստացվեն Trident II D5LE բալիստիկ հրթիռներով, Tomahawk բազմաթիրախային թևավոր հրթիռներով:










































