British council-ի հայտարարած Նա/Նե լրագրողական մրցույթը շարունակում է: Ներկայացնում ենք մրցութին մասնակցած նյութերից մեկը:
Աջափնյակի Նազարբեկյան փողոցի կիսակառույց 48 շենքի 22-րդ բնակարանից ԴԱՀԿ-ի կողմից վտարվելուց հետո երկու մանկահասակ երեխաների միայնակ մայր, 32-ամյա Իրինա Իսպիրյանը հունիսի 22-ին դաժան ծեծի է ենթարկվել շենքի մեկ այլ տիրազուրկ բնակարանում:
Երիտասարդ կնոջը բազմաթիվ վնասվածքներով տեղափոխել են Հանրապետական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք:
Ոստիկանության Մաշտոցի բաժնում քրեական գործ է հարուցվել ծեծի առթիվ: Դատաբժշկի եզրակացությամբ` Իրինան ստացել է կրծքավանդակի, բազկի, նախաբազկի, գոտկային շրջանի թեթեւ մարմնական վնասվածքներ ու ճանկռվածքներ` առողջության կարճատեւ քայքայումով:
Հայտնի է, որ ծեծողները երկու կանայք են եղել, ովքեր որոշել են, որ իրենք են այդ տիրազուրկ բնակարանի տերը, որտեղ Իրինան տեղափոխվել էր երկու երեխաների ու հաշմանդամ մոր հետ՝ բառիս բուն իմաստով փողոցում հայտնվելուց հետո:
Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո Իրինան կրկին երեխաների հետ հայտնվել է փողոցում ու հիմա, երբ փոքր տղան անընդհատ հարցնում է` «Մամ, բա ե ՞րբ ենք տուն գնալու», նա պատասխան չունի, չի կարողանում երեխային բացատրել, որ իրենք այլեւս տուն չունեն, ոչ էլ մնալու տեղ:
Երեխաների հարցին պատասխան չունենալը նրան ամեն առավոտ տանում է նույն պատկան մարմինների դռները: Իրինան արդեն չի մտածում անգամ ծեծի ու ստացած վնասվածքների մասին, առավոտից երեկո պետական տարբեր գերատեսչություններ դիմելով պայքարում է երկու մանկահասակ երեխաների տանիքի համար:
Անգիր գիտի կառավարության, քաղաքապետարանի տեղն ու պաշտոնյաներն, անգամ գիտի, որտեղ է գտնվում Սերժ Սարգսյանի տունը, այնտեղ էլ է գնացել:
Ու արդեն մոտ մեկ ամիս`օրվա վերջում դատարկաձեռն վերադառնում է երեխաների մոտ ու լսում նույն հարցը:
«Առավոտ լույսը բացվում է նախագահի դաչայով սկսում եմ, հետո կառավարություն, քաղաքապետարան, պետգույքի վարչություն, ամեն օր պետք է գնամ բոլորին տեսնեմ, հետ գամ : Ասում են` կլինի, բայց ես ինչքան կարող եմ իմ երկու երեխաների հետ փողոցում սպասել, մինչեւ հարցը լուծեն : Ես կարող եմ համբերել, բայց էս երեխաներին ո՞նց բացատրեմ, թե համբերեք, ոչինչ որ փողոցում ենք, ոչինչ որ վախենում եք »,-հարցնում է Իրինան:
Իրինայի կահույքն այժմ կիսակառույց շենքի բակում է, որտեղ ԴԱՀԿ-ն այն տեղափոխել է վտարման ժամանակ:
Իրինայի ու նրա ընտանիքի դժվար օրերը սկսվել են 2004 թվականին, երբ նրանք անտուն են մնացել Ֆուչիկի 10 վթարային շենքից դուրս գալուց հետո, որտեղ, ինչպես այդ շենքի բնակիչներից շատերը, ապրել են առանց սեփականության վկայականի ու հաշվառման:
Կառավարությունը փոխհատուցում չի տվել ընտանիքին, ընդամենը 150 հազար դրամ` որպես սոցիլաապես անապահով ընտանիք:
«Այդ ժամանակ մեծ տղաս 6 ամսական էր : Ամիսուկես մնացել ենք դրսում` նոյեմբերի 10-ից մինչեւ դեկտեմբերի 25-ը: Տանս գույքը դրսում էր, կապույտ ցելաֆոններով վրանատիպ մի բան էինք սարքել, փողոցում վառարան էինք դրել ու ինչ ունեինք-չունեինք վառում էինք, երեխու բարուրն էլ պահում էինք վառարանի վրա, որ չցրտահարվեր: Այդ ժամանակ Աջափնյակի թաղապետը Արծրուն Խաչատրյանն էր, ով տեսավ, որ մենք իսկապես տեղ չունեինք գնալու, ուղարկեց 17 թաղամասի 48 կիսակառույց շենք: Ճիշտ է` դուռ պատուհան չկար, բայց գոնե չորս պատ կար : Միակ բնակիչը մենք էինք : Այդտեղ ապրեցինք ինը տարի, եւ ես թաղապետարանից տեղեկանքներ ունեմ, որ անօթեւանների կարգավիճակով ապրում ենք 48 շենքում: Հետո շենքի բնակիչները շատացան, երբ թաղապետը փոխվեց: Հանկարծ շենքում տերեր հայտնվեցին կասկածելի պայմաներում: Շենքի անօրինական բնակիչը դարձավ սեփականատեր, այն էլ մեր զբաղեցրած բնակարանի: Իսկ հունիսի 14-ին որոշեցին վտարել մեզ: Ընդ որում` մենակ մեր ընտանիքին »,-պատմում է Իրինան:
Վտարվելուց հետո էլ փողոցում հայտնված ընտանիքը որոշել է տեղավորվել նույն շենքի տիրազուրկ թիվ 16 բնակարանում, որտեղ էլ ծեծի է ենթարկվել:
«Շենքում կան բնակարաններ, որ պետական սեփականություն են, որեւէ մեկին չեն պատկանում, որոշեցինք տեղափոխվել: Բնակարան ասելը շատ ճոխ է ասված : Քանի որ 8-րդ հարկն առաստաղ չունի, մենք տանիք չունենք, միանգամից բաց երկինքն է, միջնապատեր էլ չկան : 5-6 տարի առաջ մեկը եկել է, էդտեղ դուռ է դրել ու գնացել է, ես ինը տարի է էստեղ ապրում եմ, էտ մարդկանց չեմ տեսել ու չեմ ճանաչում, չեն ապրում: Այդ կանայք եկան, թե սա մեր տունն է, ինչի ես եկել մեր տուն, ես էլ չհասցրեցի խոսել : Ընդամենը ասացի, եթե կարծում եք` անօրինական եմ եկել, մտել, դրա համար կա քաղաքապետարան, կարող եք ձեր թուղթը ներկայացնել»,-պատմեց Իրինան:
Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննիչ Կատյա Բաղդասարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ գործն ուղարկում է քննչական բաժին : Ծեծողները, ըստ նրա, երկու քույրեր են, Հասմիկ Ռոստոմյանն ու Մարգարիտ Գրիգորյանը:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչությունից մեր հարցմանը պատասխանեցին, որ Նազարբեկյան փողոցի հ.48 կիսակառույց բազմաբնակարան շենքում ապօրինի բնակարաններ են զբաղեցնում նաև այլ ընտանիքներ և բնակիչների բնակարանային հարցերի կարգավորման նպատակով առաջարկությունները քննարկելու համար ՀՀ վարչապետի 19.03.2012 թվականի հ.228-Ա որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որի կազմում ընդգրկված է նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Կ.Արեյանը։
Հանձնաժողովի կողմից ներկայումս ուսումնասիրվում են առկա նյութերը և քննարկվում խնդրի լուծման տարբերակներ։
«Նշված հարցը մշտապես գտնվում է քաղաքապետարանի ուշադրության տակ։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Երևանի քաղաքապետարանը դիմել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն հնարավորինս արագացնելու Նազարբեկյան փողոցի հ.48 շենքի բնակիչների բնակարանային հարցերի կարգավորմանը ուղղված միջոցառումների իրականացումը և մինչ այդ գործընթացի ավարտը առաջնահերթության կարգով քննարկելու անօթևան մնացած Իսպիրյանների ընտանիքի բնակարանային հարցը»,- ասված է պատասխանում։
Իսկ մինչ այդ երիտասարդ մայրը շարունակում է շրջապտույտը պետական ատյանների դռներով ու երեխաներից լսում նույն հարցը. «Մամ, բա ե ՞րբ ենք տուն գնալու»:











































