Irib News-ի փոխանցմամբ՝ Իրանը մտադիր է մոտ ժամանակներս ստեղծել հատուկ դատարան, որը կզբաղվի փողերի առևանգման, լվացման և ֆինանսական այլ խնդիրներով: Այս մասին հայտարարել է Թեհրանի գլխավոր դատախազ Աբաս Ջաֆարի Դովլաթաբադին:
Վերջինիս խոսքերով՝ այդպիսի դատարանի ստեղծումը կաջակցի երկրի տնտեսական համակարգին և տեղական բանկերին կպաշտպանի ֆինանսական տարբեր հանցագործություններից. «Որոշ մարդիկ գնում են բանկեր, մեծ վարկեր են վերցնում և չեն կարողանում դրանք վճարել անգամ 10 տարի անց:
Այդպիսի դեպքերում բազմաթիվ բանկեր որևէ բողոք չեն ներկայացնում: Դատարանը տնտեսական հանցագործությունների հարցով համագործակցելու է համապատասխան կազմակերպությունների ու ֆինանսական ինստիտուտների հետ:
Ցայժմ 80 մարդ է ձերբակալվել ֆինանսական խոշոր մեքենայությունների համար, իսկ դատարանը կօգնի վեր հանել այդօրինակ հանցագործությունները»:
Հուլիսին Իրանում ձերբակալվել էր 4 մարդ, որոնք մեղադրվել էին 3 միլիարդ դոլարի բանկային յուրացման մեջ, ինչի համար դատապարտվել են մահապատժի:









































