Վաղը` դեկտեմբերի 25-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Sympho+Jazz=Christmas խորագրով ամանորյա մեկուկես ժամանոց համերգ, որը կազմակերպել են Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, Հայաստանի պետական ջազ նվագախումբը և ՀՀ վաստակավոր արտիստ, ջազմեն Վահագն Հայրապետյանը:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ասաց, որ վաղվա համերգը դասականի, ջազի միքս է, իսկ համերգի նպատակը հանդիսատեսին ամանորյա դրական էմոցիաներ փոխանցելն է. «Այս համերգը չի լինելու առաջինն ու վերջինը, համագործակցությունը ունենալու է շարունակական բնույթ»,- հավելեց նա:
Ինչպես նշեց պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Արմեն Հյուսնունցը, ամանորյա համերգի մտահղացումը ծագել է նախորդ համերգից հետո, երբ բավականին ջերմորեն ընդունվեց ջազի և դասական երաժշտության միաձուլումը:
Ասուլիսի մյուս բանախոս Վահագն Հայրապետյանն էլ վերջում հավելեց, որ Sympho+Jazz=Christmas համերգը կազմակերպվել է միայն արվեստասեր հասարակության պահանջով. «Մեր լսարանը ունի նման երաժշտության պահանջ: Խոստանում ենք այսքանով չսահմանափակվել և համատեղ միջոցառումներ կազմակերպել նաև գալիք տարում»:
Համերգի սկիզբը՝ ժ. 19.00-ին է:







































