Ելույթ ունենալով խորհրդարանում` Ճապոնիայի վարչապետ Նաոտո Կանը հայտարարել է, որ երկրում վտանգի աստիճանը հասել է առավելագույնին: Նա մասնավորապես շեշտել է, որ «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում իրավիճակը մնում է անկանխատեսելի և ծայրահեղ վտանգավոր: Այս մասին հաղորդել է ճապոնական NHK հեռուստաալիքը:
Այսօր նաև հայտնի է դարձել, որ Ճապոնիայի կառավարությունը որոշում է կայացրել ժամանակավորապես ազգայնացնել ատոմակայանը շահագործող TEPCO (Tokyo Electric Power Company) ընկերությունը: Այս նախաձեռնությունն ակտիվ քննարկվում է կառավարությունում: Նախատեսվում է, որ պետությունը կվերցնի վերահսկիչ փաթեթը` վթարի վերացման աշխատանքների հետ կապված որոշումներն ավելի օպերատիվ կայացնելու համար, ինչպես նաև ատոմակայանի վթարից հետո փոխհատուցում տրամադրելու անհրաժեշտությունից ելնելով:
Փոխհատուցման գումարները կարող են կազմել միլիարդավոր դոլարներ: Հայտնի է նաև, որ այդ ընկերության բաժնետոմսերի վաճառքը ֆոնդային բորսայում դադարեցվել է, քանի որ կտրուկ անկում են ապրել:










































