Ճապոնիայի Միյաձակի պրեֆեկտուրայում վեց մարդ է զոհվել նորովիրուսի բռնկման հետևանքով,- հաղորդում է Japan Times-ը:
Ճապոնիայի առողջապահության նախարարության տեղեկատվության համաձայն՝ սա ինֆեկցիայի խոշորագույն բռնկումն է՝ 2006 թվից սկսած: Երկրում հայտարարվել է համազգային նախազգուշացում:
Ներկա պահին վարակվածների թիվը հասնում է 44-ի: Վարակվածները մասնավորապես տարեց մարդիկ և բժշկական հաստատությունների աշխատակիցներ են:
Ինչպես նշում է պարբերականը, վարակի աղբյուր են հանդիսացել հասարակական սննդի երկու ընկերություններ. ավելի քան 1200 մարդկանց մոտ հայտնվել են սննդային թունավորման նախանշաններ:
Նորովիրուսը ստամոքսա-աղիքային հիվանդությունների համաճարակի պատճառ է: Վիրուսը տարածվում է օդա-կաթիլային ճանապարհով և սննդի միջոցով։ Ամենախոցելի խմբերն են տարեց մարդիկ և երեխաները:





































