2013 թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքով ուժը կորցրած են ճանաչվում «Եկամտահարկի մասին» և «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքները: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նոր օրենքը ներկայացրեց Հայաստանի գործատուների հանրապետական միության գործադիր տնօրեն Վահան Սիմոնյանը:
Ըստ Վ. Սիմոնյանի՝ օրենքում կատարված փոփոխություններով գործատուն չի տուժում, բյուջե փոխանցվող գումարների չափը չի ավելանում, գործատուն և աշխատողն ազատվում են թղթերից և բյուրոկրատական քաշքշուկից, թեև որոշակի արտոնություններ ևս կան:
Ըստ նրա՝ եկամտահարկի բոլոր հաշվետվությունները ներկայացվելու են էլեկտրոնային եղանակով, կա պետեկամուտների կոմիտեի հրահանգն այն մասին, որ այսուհետ բոլոր հաշվետվությունները ներկայացվելու են էլեկտրոնային եղանակով: Ուստի, բանախոսի պարզաբանմամբ, դրա համար անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր գործատու ունենա նույնականացման քարտ, դրա առկայության դեպքում պայմանագիր կնքի պետեկամուտների կոմիտեի հետ, պայմանագիր կնքի, կոդ ստանա, ակտիվացնի իր կոդը և մտնի համակարգ:
«Էլեկտրոնային եղանակով ներկայացման առավելությունն այն է, որ ձերբազատվում ենք պետական համակարգի աշխատողների հետ բյուրոկրատական քաշքաշուկներից, հաշվետվությունները ներկայացնելուց հետո սխալները բացառվում են. եթե ճիշտ է՝ համակարգն ընդունում է, եթե սխալ է՝ ետ է վերադարձվում գործատուին, ուղղվում է և ետ վերադարձվում կոմիտե:
Մի խնդիր կա, որ հեռավոր մարզերում և սահմանամերձ գյուղերում ստեղծվել են կետեր, որտեղ համապատասխան գիտելիքներով աշխատակիցները կարողանում են տեղեկությունը լրացնել և ուղարկել պետեկամուտների կոմիտե, այստեղ նաև էլեկտրոնային ստորագրություն է անհրաժեշտ լինելու»,- մանրամասնեց Վահան Սիմոնյանը՝ շարունակելով, որ օրենսդրական փոփոխություններն ազդելու են հարկման բազայի չափի վրա, որի առնչությամբ գործատուն կարող է տուժել չնչին գումարի չափով: Նա հստակեցրեց, որ երկու օրենքներին փոխարինելու է գալիս այս օրենքը, որում նույնությամբ պահպանվել են եկամտահարկի օրենքով նախատեսված արտոնությունները: Բանախոսը նկատեց, որ եկամտային հարկի վերաբերյալ փոփոխությունները հիմք են դառնալու կուտակային կենսաթոշակային համակարգին անցնելուն, որը գործելու է 2014 թվից:










































