Աղքատությունը մինչ այս կատարված ուսումնասիրությունների արդյունքներով շուրջ 35.1% է, տարվա արդյունքներով այն կիջնի 2-3%-ով: Ինչպես այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում հայտարարեց ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը՝ աղքատության մակարդակը էական փոփոխության չի ենթարկվի: Ջինի գործակցի վերաբերյալ նախարարը հույս հայտնեց, որ այն կնվազի:
Ըստ նրա՝ հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը պետք է կազմի 21.6%, աճը նախորդ տարվա համեմատ` 0.6%, ինչն այս տարի կլինի անցած չորս տարիների ընթացքում ամենամեծը:
Վ. Գաբրիելյանի կարծիքով՝ եկամուտների բևեռացումը ճգնաժամի օրոք նորմալ գործընթաց է, այն ընթանում է նաև Եվրոպայում և ԱՄՆ-ում: Ըստ նրա՝ ցավոք, այս տնտեսական աճն անվանում են առանց աշխատատեղերի աճ, և հիմա աշխատանք են տանում, որպեսզի աշխատատեղերի հարցը լինի առաջնային:
Նախարարը նշեց, որ ՀՀ կայուն զարգացման ծրագիրը նախարարություններում քննարկվել է, շուտով կսկսվեն հանրային քննարկումները. դրանցում շեշտը դրվում է աշխատատեղերի վրա:
«Զուտ շուկայական զարգացումները տանում են տնտեսական աճի՝ առանց աշխատատեղերի ավելացման»,- ասաց նախարարը՝ նշելով, որ ԱԺ-ի արդեն հաստատած օրինագծով հարկային արտոնություններ են նախատեսվում այն գործատուների համար, որոնք կստեղծեն հավելյալ աշխատատեղեր, նաև եկամտահարկի առավել պրոգրեսիվ սանդղակը և այլ միջոցառումներ միտված են բևեռացվածությունը մեղմելուն:
Օտարերկրյա ներդրումների 40% անկումը Վ. Գաբրիելյանը բացատրեց մեկ-երկու խոշոր ներդրումներով և կարծիք հայտնեց, որ 2012թ.-ին ծավալը կվերականգնվի:
«Մենք հաղթահարել են ճգնաժամը, բայց ոչ ճգնաժամի հետևանքները»,- նկատեց Վ. Գաբրիելյանը՝ հավելելով, որ 2009թ. անկումից հետո աճերը փոխլրացրել են, և ճգնաժամ այժմ չկա, բայց ճգնաժամի հետևանքով տնտեսական հարաբերությունները ճշգրտվեցին և պետք է վերափոխվեն. «Այժմ այդ վերակողմնորոշումների փուլում ենք: Առանց փոփոխությունների երկարատև աճ չի լինի: Ճգնաժամի հնարավոր երկրորդ ալիք կարող է լինել` կապված ԵՄ պարտքային ճգնաժամի հետ, որը կարող է տարածվել այս կամ այն կողմ: Հնարավոր են նաև գլոբալ այլ զարգացումներ»:







































