Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն ու նախագահ Աբդուլլահ Գյուլը շնորհավորել են կաթոլիկ քրիստոնյաներին՝ կապված դեկտեմբերի 25-ին Սուրբ Ծնունդը նշելու հետ:
Իր շնորհավորական ուղերձում Էրդողանը նշել է. «Մենք հանդիսանում ենք խոր ավանդույթների կրողներ և ողջ պատմության ընթացքում մեծ նշանակություն ենք տվել տարբեր կրոններն ու տարբեր մշակույթները հարգելուն՝ այդ բազմազանությունն ընկալելով որպես հարստություն:
Հենվելով այդ ավանդույթի վրա՝ ես հավատում եմ, որ մենք նաև հետագայում կառուցելու ենք միասնական խաղաղ ապագա՝ հիմնված տարբեր դավանանքների ու մշակույթների նկատմամբ հարգանք ցուցաբերելու վրա: Առաջիկա տոնի կապակցությամբ շնորհավորում եմ Թուրքիայի և համայն աշխարհի քրիստոնյաներին և ցանկանում եմ խաղաղություն, անվտանգություն ու բարեկեցություն»:
Իր շնորհավորական ուղերձում Աբդուլլահ Գյուլն ընդգծել է. «Թուրքիայում մեր բոլոր քաղաքացիները՝ անկախ կրոնական պատկանելությունից, ապրում են եղբայրական իրավիճակում՝ հիմնված բարեկամության, համերաշխության, հարգանքի և սիրո վրա: Անատոլիան քաղաքակրթությունների բնօրրան է»:










































