Այսօր «Մարիոթ» հյուրանոցում «Ժառանգության» հրավիրած քաղաքացիական ժողովով փաստացի մեկնարկեց Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավը:
Քաղաքացիական ժողովն ու համագումարը համեմված էին հեղինակային երգերով, ցուցադրվեց խորհրդարանական ընտրության «Ժառանգության» քարոզչական տեսահոլովակը: Երգիչներ Հարութ Փամբուկյանն ու Ռուբեն Հախվերդյանն այս անգամ չկային, փոխարենը` կար նրանց նախկին կատարումների ձայնագրությունը:
Քաղաքացիական ժողովի այս հանդիսավոր պայմաններում էլ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց նախագահի ընտրություններում ինքնառաջադրման մասին` որպես ՀՀ քաղաքացի:
Ժողովն իրոք քաղաքացիական էր, քանի որ որևէ քաղաքական ուժ ներկա չէր ո՛չ ժողովին, ո՛չ դրան հաջորդած համագումարին: Ժողովից հետո «Ժառանգություն» կուսակցությունը կարճատև համագումար արեց և որոշեց սատարել ինքնառաջադրված Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը` դառնալով նրա միակ աջակիցը:
«Առաջին լրատվական»-ի հարցին` քաղաքական ուժերի բացակայությունը նշանակո՞ւմ է, որ այս պահին ինքն աջակցություն չունի որևէ քաղաքական ուժից, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Խոսքը ինձ աջակցության մասին չէ: Այս թեկնածությանը պետք է մասնակցի և աջակցի Հայաստանի քաղաքացին»:
Ավելին` Րաֆֆի Հովհաննիսյանն իրեն համարում է «Հայաստանի քաղաքացու հավաքական թեկնածու»: «Ներկա դրությամբ գործող նախագահին մարտահրավեր նետողը մեր հավաքական թեկնածուն է »,- լրագրողներին ասաց Հովհաննիսյանը` նկատի ունենալով իրեն: Նա վստահություն հայտնեց, որ մինչև քարոզարշավ կլինեն քաղաքական կուսակցություններ, որ կաջակցեն իրեն:
«Ժառանգության» առաջնորդը հարցին` քաղաքացիական ո՞ր ուժերն էին հրավիրվել քաղաքացիական հավաքին ու համագումարին և աջակցության ի՞նչ ակնկալիքներ ունի, պատասխանեց, որ իրենք առանձին հրավերներ չեն ուղարկել, իրազեկել են բոլորին: Աջակցության ակնկալիքի առթիվ հարցին ի պատասխան` Ր. Հովհաննիսյանն ասաց. «Ես աջակցություն եմ հայցում բոլորից, ովքեր հավատում են Հայաստանի հաղթանակին: …Ես կարծում եմ` «Ժառանգության» քաղաքացիականությունը հենց դրա մեջ է: Մենք չենք հավակնում ծանր հիերարխիաներին, իշխանակարգերին և ցանկություն ունենք, որ այս կարևոր շրջանում տարբեր հոսանքները մի վերջին անգամ որոշեն ամենաճիշտ կոնսոլիդացված մոտեցումը»:
Թեկնածուն դեռ չունի քարոզարշավի համար անհրաժեշտ 100 մլն դրամը: «Դեռ չկա, բայց աշխատում ենք այդ ուղղությամբ, և կարծում եմ, որ դա մենք կկարողանանք հավաքել»: «Ժառանգության» առաջնորդը նաև կարծում է, որ «թե ազատ-անկախ ընտրությունների, թե անգամ կեղծիքների դեպքում մենք ունենալու ենք նոր նախագահ, եթե Հայաստանի քաղաքացին ցանկանա»: Խորհրդարանական ընտրություններում հինգ տոկոս ձայն հավաքած ուժի ներկայացուցիչը չբացառեց, որ հնարավոր է` ընտրություններն այս անգամ էլ կեղծվեն: «Իսկ եթե իրենք կեղծեցին, ինձ և մեզ կգտնեք ամենուր, այդ թվում` նաև հրապարակներում»:
Հետաքրքրվեցինք, թե այդ դեպքում չի՞ ստացվի, որ ինքն այժմ մրցակից է ապահովում Սերժ Սարգսյանի համար` լեգիտիմացնելով ընտրությունները: «Մրցակիցներ միշտ էլ կլինեն: Քաղաքական կամ քաղաքացիական բոյկոտներով որևէ բան չի փոխվի: Ոչ մի առաջընթաց տեղի չի ունենա մեր երկրում»: Իսկ իր ելույթում հայտարարեց. «Նա, ով կարծում է, որ կարելի է տանը նստել և սպասել փետրվարի 19-ին, ինքն է նպաստում այս իշխանությունների վերարտադրմանը: Մեզ համար դա այդպես չէ: Փետրվարի 18-ին մենք հանձնելու ենք ամենամեծ քննությունը: Այս փետրվարի 18-ը ապագայի Հայաստանի մասին է լինելու»:
Դառնալով ՀՀ նախագահ` Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստվում է նվազեցնել նախագահի ծախսերը: «Հայաստանի հաջորդ նախագահությունը պիտի լինի ճարպազերծված, մկանոտ, փոքր վարչակարգով` նվազեցնելով նաև իր ծախսերը` ինքնաթիռի, պահպանման, հազար ու մեկ շռայլությունները, որ իրավունք չունի նախագահն անել, քանի մեր երկիրն այս վիճակում է: Թող մի քանի տարի էկոնոմ կարգով ճամփորդի, որևէ ամոթ բան չկա Հայաստանի պետության համար, համեստ ապրի նախագահությունը, մինչև շարքային քաղաքացին արժանավայել կյանք ունենա »,- իր ելույթում հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:









































