Այս պահին ՀՀՇ համագումարում իր ելույթը սկսեց ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր Պետրոսյանը: Համագումարի ներկաները ելույթը դիմավորեցին ծափողջույններով:
Լևոն Տեր-Պետրոսյանը ելույթի սկզբում ասաց, որ ինքը ՀՀՇ կուսակցության անդամ է և որևէ այլ կուսակցության անդամ չի եղել: Նա հաջողություն մաղթեց համագումարի աշխատանքներին և հույս հայտնեց, որ ՀՀՇ-ն գոյություն կունենա այնքան ժամանակ, որքան գոյություն կունենա Հայաստանի Հանրապետությունը:
ՀԱԿ առաջնորդի խոսքով` իրեն մտահոգում է մի հանգամանք` հայ ժողովրդի մեջ տարբեր բաժանումներ կատարելու փորձերը.
«Առանց այն էլ մեր ազգի մեջ բաժանումները քիչ չեն, այսօր որոշ մարդիկ նոր բաժանումներ են հրահրում, որն ավելի վտանգավոր է. դա քաղաքական դաշտում արևմտամետ և ռուսամետ բաժանումներն են: Երբ որևէ ուժ Արևմուտքի հետ է կապվում, դրան համարում են հակառուսական: Երբ որևէ ուժ Ռուսաստանի հետ է կապ հաստատում, նրան համարում են հակաարևմտյան: Սա շատ վտանգավոր երևույթ է: Բաժանել մեր ժողովրդին երկու մասի նշանակում է զբաղվել խառնակչությամբ»,- հայտարարեց Տեր-Պետրոսյանը:
Առաջին նախագահի կարծիքով, սա հավասարապես վերաբերվում է և ռուսամետություն և արեւմտամետություն քարոզողներին: «Ո՞վ ասաց, որ Հայաստանը պետք է կամ դեպի Ռուսաստան կողմնորոշվի, կամ դեպի Եվրոպա: Կողմնորոշումները կարող են լինել ժամանակավոր դաշինքների ձևով, կախված երկրի կոնկրետ շահից: Մենք ոչ արևմտամետ պետք է լինենք, ոչ ռուսամետ: Միակողմանի կողմնորոշումը ոչ մի ազգի ոչ մի լավ բանի չի բերել: Այդ դեպքում լինում են բարեկամներ և բազմաթիվ թշնամիներ: Ավելի կործանարար է ՀԱԿ-ը ամերիկյան կամ հակառուսական լինելու քարոզչությունը: Հայաստանը հակա-որևէ երկիր չպետք է լինի»,- ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը:







































