1989-ի դեկտեմբերի 22-ին՝ Ռումինիայում հակակառավարական հուզումների սկսվելուց մեկ շաբաթ անց, տապալվել է Նիկոլայ Չաուշեսկուի ավտորիտար կոմունիստական վարչակարգը: Ռումինիայում Չաուշեսկուի անձի պաշտամունք կար: Շատ վկայություններից ելնելով՝ Չաուշեսկուն ինքն էլ հավատում էր ժողովրդի մեջ իր սիրված լինելուն:
Չաուշեսկուի կառավարումը բնորոշվել է ակտիվ արտաքին քաղաքական կուրսով, որը տարբերվել է արևելաեվրոպական երկրների արտաքին քաղաքականությունից: Նա քննադատել է 1968-ին Չեխոսլովակիա ներխուժելու, 1979-ին սովետական զորքերի` Աֆղանստան մտնելու դեմ: Նա դեմ էր Չինաստանի հասցեին ուղղված սովետական մեղադրանքներին, լավ հարաբերություններ է պահպանել Իսրայելի, ԱՄՆ-ի և Արևմտյան Եվրոպայի երկրների հետ:
Չաուշեսկուն շատ վարկեր է վերցրել Արևմուտքի երկրներից, ինչը արագորեն Ռումինիայի տնտեսությունը կանգնեցրել է փլուզման եզրին: Փորձելով շտկել իրավիճակը՝ նա օտարերկրյա ներդրումներն արգելող հանրաքվե է անցկացրել: Վարկերը մարելու գործընթացն էլ հենց դարձել է Ռումինիայի տնտեսության գլխավոր խնդիրը: Որպես հետևանք՝ մինչև 1989-ը Ռումինիան գործնականում կարողացել է մարել բոլոր արևմտյան ներդրողների պարտքերը: Այդ ժամանակ, որոշ գնահատականներով, Ռումինիան գրեթե դարձել է արևելյան բլոկի ամենաաղքատ երկիրը: Սա հանգեցրել է ազգային հուզումների:
1989-ի դեկտեմբերի 17-ին Չաուշեսկուն զինված ուժերին հրամայել է կրակ բացել ցուցարարների վրա, ինչի հետևանքով սկիզբ է առել ազգային ապստամբությունը: Չաուշեսկուն բազմահազար ամբոխից փախել է: Բայց շուտով նրան ու նրա կնոջը բռնել են իշխանության գլուխ անցած Ազգային փրկության ճակատի բանակի զինյալները: Նրան մահապատժի են դատապարտել:











































